Աստանայում Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման աղմկոտ տեսանյութում մինչ Արարատ Միրզոյանի դժգոհություն հայտնելը Սերգեյ Լավրովը, անդրադառնալով մեր երկու երկրների հարաբերություններին, ասաց, թե միայն առեւտրաշրջանառությունը այս տարվա առաջին 8 ամիսներին աճել է մոտ 60 տոկոսով։
Վերջին շրջանում այդ մասին խոսել են ՌԴ մի շարք այլ պաշտոնյաներ, կխոսեն նաեւ առաջիկայում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի ղեկավարների հետ գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ ձեռքին ունենում է մի թուղթ, որտեղ գրված են տվյալներ, թե այդ տարի որքան է ավելացել մեր երկու երկրների միջեւ առեւտուրը։ Պուտինը միշտ դա կարդում է ի լուր աշխարհի ու հատկապես հայ ժողովրդի, ՀՀ ղեկավարների, թե ինչ դինամիկ «զարգացող» տնտեսական հարաբերություններ ունենք։ Բայց դա ավելի շուտ որպես սպառնալիք է հնչում։
Իսկապես, այս տարի Հայաստանի ու Ռուսաստանի առեւտուրը աճել է, Լավրովի տվյալներն անգամ հին են․ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ հունվար-օգոստոսին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը եղել է 71,7 տոկոս։ Եվ չի բացառվում, որ մինչեւ տարեվերջ կրկնապատկվի։
Իհարկե, լավ է, որ մեր երկրի առեւտուրն աճում է ընդհանրապես եւ մասնավորապես՝ առանձին վերցրած մեկ երկրի հետ։ Բայց եթե մենք չունենք զարգացած տնտեսություն, դիվերսիֆիկացված առեւտուր, մի երկրի հետ նման զարգացումը միաժամանակ պետք է մտահոգություններ առաջացնի։ Իսկ Ռուսաստանի հետ՝ հատկապես։ Հայաստանի առեւտրաշրջանառության ավելի քան մեկ երրորդն այդ երկրի հետ է։ ՌԴ-ն մեր արտահանման թիվ մեկ շուկան է։
Հայաստանը ՌԴ է արտահանում ալկոհոլային խմիչք՝ կոնյակ, օղի, գինի։ Արտահանվող կոնյակի 90, գինու 80 տոկոսը գնում է այդ երկիր։ ՌԴ է արտահանվում գյուղատնտեսական արտադրանք՝ թարմ ու պահածոյացված, եւ բազում այլ ապրանքներ։ Նույն վիճակագրական տվյալների համաձայն՝ մեր առեւտրաշրջանառության մեջ դեպի ՌԴ արտահանումն ավելացել է երկու անգամ, ներմուծումը՝ շուրջ 50 տոկոսով։ ՌԴ-ին է բաժին ընկնում մեր ընդհանուր ներկրման մոտ 42 տոկոսը։
Մինչդեռ ԵՄ երկրներին է բաժին ընկնում մեր արտաքին առեւտրի ընդամենը 17,5 տոկոսը։ Ընդամենը մի քանի տարի առաջ ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի հետ մեր առեւտուրը գրեթե հավասար էր, շուրջ 26 տոկոս։ Հավասարակշռությունը հօգուտ ԵԱՏՄ-ի կամ նույն ինքը ՌԴ-ի փոխվեց 2020 թվականից՝ կորոնավիրուսի համավարակի առաջին տարում, լոքդաունի պատճառով։
Մեկ երկրի հետ առեւտրի նման կշիռն ընդհանուր տնտեսության համար շատ ավելի մտահոգիչ պետք է լինի, քան ոգեւորող։ Միշտ էլ կա վտանգ, որ այդ երկու երկրների միջեւ քաղաքական հարաբերությունները, տնտեսական կայունությունը կարող են խաթարվել, եւ երկրորդ պետության տնտեսությունը անմիջապես կկրի դրա բացասական ազդեցությունը։
Տվյալ դեպքում առկա են բոլոր պատճառները։ Ուկրաինայի վրա հարձակվելուց հետո ՌԴ-ի տնտեսությունը ծանր ճգնաժամ է ապրում, ու դեռ հայտնի չէ, թե այս վիճակը մինչեւ երբ կշարունակվի։ Անգամ մինչեւ այս պատերազմը՝ 2013-2014 թվականերին, ռուս-ուկրաինական ավելի թեթեւ հակամարտության հետեւանքով Արեւմուտքի հակազդեցության պատճառով ՌԴ-ում տնտեսական ճգնաժամ սկսվեց, ինչն իր բացասական ազդեցությունն ունեցավ մեր երկրի վրա։ Հիմա, ճիշտ է, ռուսների ներհոսքը կոտրել է այդ բացասական ազդեցությունը, բայց դա կայուն հնարավորություն չէ։
Իսկ Արցախյան երկրորդ պատերազմից հետո հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրները, ՀԱՊԿ-ի ու ՌԴ-ի՝ դաշնակցային պարտավորությունները չկատարելը, այդ պատճառով Հայաստանի դժգոհություններն ու այդ կառուցից դուրս գալու վերաբերյալ հայտարարությունները երկրորդ ազդեցիկ գործոնն են, որ մեր երկու երկրների միջեւ հարաբերությունները վատանան։
Դա արդեն ՌԴ-ի համար Հայաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու պատճառ է։ Նախորդ անգամ «Ալիք Մեդիան» ներկայացրել էր, որ նման իրավիճակում ՌԴ-ն չի հապաղի ու իր էներգետիկ մահակը կճոճի մեր գլխին, ինչպես դա անում է ԵՄ-ի նկատմամբ։ Բայց դա վերջը չէ։ ՌԴ-ն չի հապաղի եւ առեւտրի այլ ոլորտներում խնդիրներ կառաջացնի։ Օրինակ՝ հացահատիկ չի վաճառի։ Իսկ այդ ապրանքի մեր հիմնական մատակարարը ՌԴ-ն է։
Կամ կարգելի մեր կոնյակի, գինու ու այլ ապրանքների ներմուծումը։ Քիչ չեն եղել նման դեպքերը։ ՌԴ-ն ունի մի այսպիսի մարմին՝ «Ռոսսելխոսնադզոր», որը հանկարծ ինչ-որ մի ցուպիկ կհայտնաբերի մեր պանրի մեջ, ինչ-որ մի միկրոբ՝ լոլիկի կամ ծիրանի մեջ, գինին ու կոնյակը՝ ինչ-որ մի չափանիշի չհամապատասխանող, ու ներմուծումը կարգելի։ Կփակի Վերին Լարսի անցակետն ու այդպես շարունակ։ Եվ մեր առանց այդ էլ թույլ տնտեսությունը կարող է փլուզվել։ Այնպես որ ՌԴ-ի հետ մեր առեւտրաշրջանառության կրկնապատկումը որքան էլ ուրախացնի մեզ, նույնքան էլ պետք է մտահոգի։ Իսկ այդ մտահոգությունն այսօր շատ իրական է։
Նման իրավիճակում չհայտնվելու համար պետք էր դիվերսիֆիկացնել մեր արտահանումն ու ներմուծումը եւ մեկ երկրին, ով էլ դա լիներ, նման ծանրակշիռ՝ ավելի քան մեկ երրորդի չափ բաժին չհանել։ Իհարկե, դա մեկ տարվա գործ չէ, դա տասնամյակների աշխատանք է, դա պետք է լիներ պետություն-գործարար՝ ներմուծող-արտահանող համատեղ ջանքերի շնորհիվ։ Մինչդեռ թե՛ մեր իշխանությունները, թե՛ գործարար համայնքը ընտրել են հեշտը։
Իսկ ՌԴ-ի հետ առեւտրի խաթարման սպառնալիքն այսօր կախված է մեր երկրի ու տնտեսության գլխին իր սոցիալ-տնտեսական ծանր հետեւանքներով։ Կարելի է նաեւ ասել, որ ՌԴ-ն Հայաստանում ունի արտահանողների եւ ներմուծողների մի ստվար զանգված, որին հարկ եղած պահին կարող է օգտագործել մեր երկրի դեմ։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։