The Jerusalem Post իսրայելական պարբերականը հրապարակել է իսրայելահայ քաղաքագետ, ներկայում ՏՏ մասնագետ Նիկոլաս Պորտնոյի հոդվածը։ Այն անդրադարձ է սեպտեմբերի 14-ին սոցցանցերում հայտնված տեսանյութին, որում երեւում էին հայուհու մասնատված դիակի շուրջը պարող ադրբեջանցիներ։
Այս տեսանյութը չեն հրապարակել ԴԱԻՇ-ը (ISIS), al-Qaeda-ն, Hezbollah-ը կամ Taliban-ը, որոնք միջազգայնորեն ճանաչված են որպես ահաբեկչական կազմակերպություններ։ Փոխարենն այն նկարահանել եւ հրապարակել են Ադրբեջանի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչներ։
Սկզբում այն տեղադրվել էր «Khacherubka» (Խաչաղաց) կոչվող տելեգրամյան ալիքում՝ արժանանալով տասնյակ հազարավոր ադրբեջանցիների հավանությանը:
Դա, ցավոք, վերջին մի քանի տարիներին ադրբեջանական զորքերի պատերազմական հանցագործություններից մեկն է միայն: Սեպտեմբերի 13-ին ադրբեջանցիները հարձակվեցին Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների՝ տասնյակ քաղաքների եւ գյուղերի վրա: Այս բախումների ընթացքում ադրբեջանական զորքերը իսրայելական եւ թուրքական ռազմական տեխնոլոգիաների աջակցությամբ գրավեցին ինքնիշխան Հայաստանի մոտ 10 քմ տարածք, հիմնականում Վարդենիսի եւ Ջերմուկի հիասքանչ հանգստավայրերի ուղղություններով:
Որպես իսրայելահայ՝ ես մեծ սեր, հիացմունք եւ խոր հարգանք եմ ունեցել իմ էթնիկ երկու կողմերի հանդեպ: Դժբախտաբար սիրտս կոտրված է, եւ այլեւս չեմ կարող ասել, թե Իսրայելի հանդեպ մնացել է հարգանքի գեթ մի նշույլ:
Իսրայել պետությունը ցեղասպանության արդյունքում է առաջացել, եւ շատ տխուր է այն փաստը, որ նա զենք է մատակարարում բռնապետական, ցեղասպանություն խրախուսող, բարբարոսությամբ պետական մակարդակով հայատյացություն քարոզող երկրի:
2015-ին Ադրբեջանի բռնակալ նախագահ Իլհամ Ալիեւը Թվիթերում նշել էր. «Հայաստանը նույնիսկ գաղութ չէ, այն նույնիսկ արժանի չէ ծառա լինելու»:
Վերջին 30 տարիներին ադրբեջանական ռեժիմը` հայր Ալիեւից սկսած, հայատյացության հիմքի վրա աճեցրել է էթնիկ ազգայնականության սարսափելի մի ցեղատեսակ ադրբեջանական հասարակության բոլոր մակարդակներում:
Երբ 2016-ին Birthright Israel ծրագրի շրջանակում ես այցելեցի Իսրայել, դեռ չգիտեի ադրբեջանա-իսրայելական դաշինքի մասին: Իսրայելին միամտորեն համարում էի ահաբեկչության հակառակորդ եւ իսլամական ծայրահեղականության զոհերի պաշտպան:
Հպարտություն զգացի՝ տեսնելով ցեղասպանություն վերապրած մի ժողովրդի, որը վերածվել է տեխնոլոգիական առաջադեմ տարածաշրջանային տերության, ունակ է իրեն պաշտպանելու արտաքին սպառնալիքներից եւ կարող է իր ժողովրդի համար ապահովել նշանակալի հնարավորություններ:
Այսօր այդ պատրանքը փշրված է: Այսօր ես տեսնում եմ, որ Իսրայելը մեղավոր է ժամանակակից էթնիկ զտումներում: Իսրայելի ձեռքերը արյունոտ են, դա անմեղ հայերի արյունն է:
Եվ, որքան էլ ցավալի է, ես ամաչում եմ, երբ մտածում եմ Իսրայելի մասին:
Իսրայելը այլեւս չի կարող արդարացնել իր գործընկերությունը Ադրբեջանի հետ հուսալի էներգետիկ մատակարարի անհրաժեշտությամբ: Արաբական պետությունների հետ հարաբերությունների նորմալացումից հետո Իսրայելին ոչինչ հետ չի պահում Սաուդյան Արաբիայից կամ Արաբական Միացյալ Էմիրություններից նավթ եւ գազ գնել:
Նույնիսկ Ադրբեջանի հակաիրանական նավատորմի ներուժը կամ այն փաստը, որ հրեաները երկար ժամանակ ապրել են Բաքվում, այլեւս չեն կարող արդարացնել այս դաշինքի գոյությունը:
Այս պահից ի վեր Իսրայելի կողմից Ադրբեջանին տրամադրվող յուրաքանչյուր ցենտ աջակցությունը լինելու է Իսրայելի բարոյական լիակատար քայքայման ապացույց:
Եվ իսրայելա-ադրբեջանական դաշինքի շարունակությունը կարելի է համարել ոչ այլ բան, քան Իսրայելի մասնակցությունը ժամանակակից ցեղասպանություններին, պատերազմական հանցագործություններին եւ էթնիկ զտումներին:
Այսուհետ Իսրայելի՝ Հայոց ցեղասպանության շարունակական ժխտումը կարելի է համարել ոչ այլ ինչ, քան քաղաքական մարմնավաճառության ամենաստոր ձեւը:
Ի վերջո աշխարհը դատապարտելու է Ադրբեջանին: Ի վերջո աշխարհը տեսնելու է այդ երկրի համար պատասխանատու դահիճների իրական դեմքը: Ի վերջո պարզ է դառնալու, որ նրանք, ովքեր կանգնած են Ադրբեջանի կողքին, կանգնած են պատմության այն նույն կողմում, որտեղ Հիտլերն ու նացիստներն էին:
Բարեբախտաբար շատ ուշ չէ:
Թեեւ Ադրբեջանի հետ դաշինքը կարող է ծառայել Իսրայելի կարճաժամկետ աշխարհաքաղաքական շահերին, սակայն Հայաստանի հետ դաշինքը կլինի երկարաժամկետ ապագայի համար: Հայաստանը Իսրայելի նման փոքր երկիր է եւ հիմնականում հենվում է իր հսկայական ինտելեկտուալ ներուժի վրա: Միասին այս երկու յուրահատուկ ազգերը կհասնեն անսահման նվաճումների բոլոր ոլորտներում:
Ես երազանք ունեմ, երազանք, որ հրեաներն ու հայերը՝ երկու փոքր, հազարամյակների պատմության միջով անցած, ցեղասպանություն վերապրած ժողովուրդներ, կարող են գործել կողք կողքի`պայքարելու ժամանակակից աշխարհում ցեղասպանությունների եւ ծայրահեղականությունների դեմ:
Եվ իսրայելահայերս կարող ենք վերջապես դադարել ամոթ եւ վրդովմունք զգալուց մեր նախնիների հայրենիքի հանդեպ այն բանի համար, որ այն ակտիվորեն զենք է մատակարարում նրանց, ովքեր ցանկանում են ջնջել երկրի երեսից մեր մյուս նախնիների հայրենիքը: