Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հունվար-սեպտեմբերին Վրաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը եղել է 13 միլիարդ 612 միլիոն 200 հազար դոլար, որը 35,3%-ով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Արտահանումը եղել է 4 միլիարդ 97,2 միլիոն դոլար (աճը եղել է 37,4 %), ներկրումը՝ 9 միլիարդ 515 միլիոն դոլար (աճը եղել է 34,4 %)։ Առեւտրային բալանսի բացասական սալդոն եղել է 5 միլիարդ 417,8 միլիոն դոլար։
Վրաստանից կատարված արտահանումների 79,7%-ը բաժին է ընկել այդ երկրի համար հիմնական առեւտրային գործընկեր երկրներին՝ Չինաստանին, ՌԴ-ին եւ Ադրբեջանին։ Վրաստանից Չինաստան է արտահանվել է 574,8 միլիոն, Ադրբեջան՝ 488,6 միլիոն, ՌԴ՝ 473,2 միլիոն դոլարի ապրանք։
Ռուսաստանն ու Չինաստանը նաեւ Վրաստան ներկրումներ անող առաջատար երկրներն են։ ՌԴ-ից ներկրումները դեպի Վրաստան եղել են 1 միլիարդ 716,8 միլիոն դոլար, Չինաստանից ներկրումները դեպի Վրաստան՝ 1 միլիարդ 404,1 միլիոն դոլար։
Ներկրումների մասով առաջատարը Թուրքիան է։ Թուրքիայից Վրաստան ներկրումները եղել են 2 միլիարդ, 35,1 միլիոն դոլար։
Արտահանման մասով հունվար-սեպտեմբերին Վրաստանում առաջին տեղում էին պղնձի հանքաքարն ու խտանյութերը, որոնք եղել են 753,3 միլիոն դոլար կամ ընդհանուր արտահանման 18,4%-ը։ Երկրորդ տեղում մարդատար ավտոմեքենաներն են՝ 590,5 միլիոն դոլար կամ ընդհանուր արտահանմումների 14,4%-ը։
Երրորդ տեղում երկաթ պարունակող համաձուլվածքներն են, որոնց արտահանումները եղել են ընդհանուր արտահանման ծավալի 10,5%-ը կամ 431,6 միլիոն դոլար։ Դեպի Վրաստան ներկրվող ապրանքատեսակների խմբում առաջին տեղում 1 միլիարդ, 86,2 միլիոն դոլար կազմող մարդատար ավտոմեքենաներն են, որը համախառն ներկրումների ծավալի 11,4%-ն է։
Երկրորդ տեղում նավթն ու նավթամքերքներն են, որի ներկրումների ընդհանուր ծավալը եղել է ներկրումների համախառն ցուցանիշի 10,7%-ը կամ 1 միլիարդ, 21,4 միլիոն դոլար։ Երրորդ մասում պղնձի հանքաքարերն ու խտանյութերն են, որի ներկրումների արժեքը եղել է 568, 1 միլիոն դոլար կամ ներկրումների 6%-ը։
Պատրաստեց Արման Գրիգորյանը