2023 թվականի հունիսին նախատեսվող ընտրություններին ընդառաջ Թուրքիայում որոշ հետազոտական կենտրոններ փորձել են սոցիոլոգիական հարցումների միջոցով պարզել թեկնածու կուսակցությունների վարկանիշը։
ORC հետազոտական կենտրոնն այս թեմայով իր վերջին հարցումն անցկացրել է հոկտեմբերի 10-23-ը Ստամբուլի 39 շրջաններում։ Ըստ կենտրոնի հրապարակած տվյալների՝ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) 2018-ի ընտրությունների համեմատ Ստամբուլի շրջանում կորցրել է մոտ 9 միավոր։
Հարցումից պարզ է դարձել, որ եթե 2018-ին Էրդողանի ԱԶԿ կուսակցությունը հավաքել էր քվեների 42,7%-ը, ապա 2022 թվականի հոկտեմբերի դրությամբ Ստամբուլի բնակիչների միայն 33,2%-ը (-9,5) կընտրեր ԱԶԿ-ին։
Նույն հետազոտության տվյալների համաձայն՝ ընդդիմադիր դաշինքում գտնվող երկու խոշոր՝ Ժողովրդահանրապետական (ԺՀԿ) ու «Լավ» կուսակցությունները, ունեն ավելի բարձր վարկանիշ, քան նախորդ ընտրությունների ժամանակ։ ԺՀԿ-ն 2018-ին հավաքած 26,4%-ի փոխարեն սոցհարցման արդյունքում հավաքել է 28,1%, իսկ «Լավ» կուսակցությունը՝ 18,4% քվե՝ նախկին 8%-ի փոխարեն։ Սրա մասին հայտնում է Cumhuriyet պարբերականը։