Կյանքի մեծ մասը Ռուսաստանի Դաշնությունում անցկացրած քսանմեկամյա Վահրամ Իվանյանին Հայաստան վերադարձրեց հայրենիքի առջեւ պարտքը կատարելու որոշումը։ Նույն որոշումն էլ հայրենիքում վերջնականապես հաստատվելու պատճառ դարձավ։
Սահմանին՝ Վայոց ձորի մարզի Նոր Ազնաբերդ բնակավայրում ծնված Վահրամն ընտանիքի հետ ՌԴ էր տեղափոխվել 6-7 տարեկանում։ Տարիներ անց վերադարձել էր՝ բանակում ծառայելու։ Ամիսներ հետո սկսվել էր 44-օրա պատերազմը։ Կռիվը փոխեց ոչ միայն Վահրամի, այլեւ նրա ամբողջ ընտանիքի ապագան։ Իվանյանները վերադարձան Հայաստան։
2020-ի հոկտեմբերի 30-ին Արցախի Կարմիր Շուկայի տարածքում Վահրամը վիրավորվեց՝ ձեռք բերելով առաջին կարգի հաշմանդամություն։ Կյանքը դժվարությամբ էին կարողացել փրկել։ Որոշել էր՝ հրաշքով փրկված այդ կյանքը պետք է հայրենիքում շարունակի։
Ընտանիքը տեղափոխվեց հայրենի Նոր Ազնաբերդ գյուղ։ Սահմանապահ բնակավայրում մոտ 30 տնտեսություն կա։ Գյուղից հիմնականում հեռանում են աշխատանք չլինելու ու սոցիալական դժվարությունների պատճառով։ Իվանյանների ընտանիքը վերջին տարիներին միակն է, որ որոշել է բնակություն հաստատել Նոր Ազնաբերդում։
Դժվարություններից չի վախենում Վահրամը։ Ամենադժվարը՝ պատերազմն անցյալում է, հիմա պետք է ամեն մեկն իր տեղում փորձի անել հնարավորը, որ նոր պատերազմ չլինի։ Պատերազմից հետո էլ Վահրամի ականջը սովոր է կրակոցների ձայնին․ Նախիջեւանի սահմանը գյուղից ընդամենը 500 մետր է հեռու։ Երիտասարդն ասում է՝ հենց այդ ձայները լռեցնելու համար է ընտրել գյուղի կյանքը․ Նոր Ազնաբերդում պիտի բնակիչների ձայներն այնքան բարձր ու աշխույժ լինեն, որ կրակոցները լսելի չլինեն։
Վահրամը գյուղի զարգացման իր ծրագիրն է մշակել։ Պապի հին տունը վերածում է հյուրատան, որտեղ ցանկանում է ընդունել ոչ միայն հայ, այլեւ օտարերկրացի հյուրերի։ Շինարարությունը մեծ թափով է ընթանում, արդեն հասցրել են սենյակների մեծ մասը կարգի բերել, կահավորել։ «Միաժամանակ կարող ենք չորս ընտանիքի հյուրընկալել, արդեն պայմանավորվածություններ ենք ձեռք բերում զբոսաշրջային գործակալությունների հետ, տեղեկացնում, որ սահման գալու ու գյուղական կյանքով ապրելու հնարավորություն կա»։
Վահրամը մտահոգված է հատկապես գյուղաբնակ կանանց զբաղվածությամբ․ տղամարդիկ պայմանագրային զինծառայողներ են դառնում, իսկ կանայք տնային տնտեսուհիներ են, վարձատրվող աշխատանք չունեն։ «Մեր հյուրատանն աշխատանքի ենք ընդունելու հիմնականում կանանց, արդեն մի քանիսի հետ պայմանավորվել ենք։ Նրանցից էլ, որոնց չկարողանանք մշտական աշխատանք առաջարկել, կգնենք գյուղական մթերք, կփորձենք այդ կերպ աջակցել»։
Վահրամի հյուրատանը, սակայն, չեն առաջարկում միայն գյուղական կյանքով ապրել։ Կենտրոնը մատուցելու է մի շարք այլ ծառայություններ եւս։ Վահրամը ՌԴ-ից իր հետ բերել է նաեւ ռուսական մշակույթին բնորոշ մի շարք գաղափարներ, որոնց իրագործումն արդեն ընթացքի մեջ է։
Փոքրիկ արհեստական լճակում այժմ մի քանի հարյուր իշխան է լողում, իսկ հարեւանությամբ կառուցվում է ռուսական շոգեբաղնիքը։ Հյուրերը կարող են իրենց ձեռքով ձուկ բռնել, պատրաստել հարեւան խոհանոցում, հետո էլ օգտվել շոգեբաղնիքից։
Հյուրատան կցակառույցներից մեկն էլ ձիարշավարանն է․ մի քանի ձի արդեն գնել են, եւս մի քանիսը կգնեն։ Թե հյուրերը շատ լինեն, հոգ չէ, կվարձակալեն գյուղացիների ձիերը։ Պատրաստվում են արշավներ կազմակերպելու վայոցձորյան լեռներով, նախկին գյուղատեղիներով։
Սրանով Վահրամի հյուրատան առաջարկները չեն սահմանափակվում։ Ցանկանում է նաեւ հրաձգարան ստեղծել. մարդիկ հենց սահմանի հարեւանությամբ կրակել կսովորեն։
«Իմ հիմնական ցանկությունը գյուղն ու մարզը զարգացնելն է։ Պետք է աշխատատեղեր լինեն, որ ես ու հասակակիցներս մնանք այստեղ, ընտանիքները ստիպված չլինեն արտագաղթել, ինչպես մենք՝ ժամանակին։ Իսկ այդ աշխատատեղը կարող ենք ինքներս ստեղծել։ Դժվարություններ ու հիասթափություններ լինում են, բայց չենք կոտրվում, սա էլ պայքարի ձեւ է»։
Այժմ բանակում ծառայում է Վահրամի եղբայրը: Ինքն էլ որոշել է վերադառնալ Նոր Ազնաբերդ։ Եղբայրներն անհամբեր սպասում են՝ երբ են միասին իրականություն դարձնելու սահմանն ու պապի տունը պահելու, շենացնելու երազանքը:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: