Հայաստանում ծնելիության գումարային գործակիցը կազմում է 1,656, այն երկու տասնամյակից ավելի զգալի ցածր է պարզ վերարտադրության մակարդակից (2.1)։
Հայաստանյան գործակիցը ցածր է հարեւան պետությունների համանուն ցուցանիշներից: Մասնավորապես, Ադրբեջանում այդ ցուցանիշը կազմում է 1,86, Վրաստանում՝ 1,75, Իրանում` 1,69, Թուրքիայում`1,89։
Վերջերս հրապարակված ՄԱԿ-ի զեկույցը վկայում է, որ ծնելիության մակարդակի նվազման միտումը համապարփակ է, եւ մոլորակի բնակչության 2/3-րդն ապրում է երկրներում, որտեղ ծնելիության գումարային գործակիցը ցածր է 2,1-ից։ Սա համարվում է բնակչության պարզ վերարտադրություն ապահովող նվազագույն շեմը: Մասնավորապես՝ եվրոպական տարածաշրջանում, որտեղ նաեւ Հայաստանն է, գործակիցը կազմում է 1,5:
Ժողովրդագրական հարցերով զբաղվող առավել հեղինակավոր կառույցներից մեկի՝ ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական հարցերի դեպարտամենտի կանխատեսումներով՝ Հայաստանում ծնունդների թիվը 2050-ին կարող է նվազել մինչեւ 24 հազար, իսկ ծնելիության գումարային գործակիցը կլինի 1,6:
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում 2021-ին ծնվել է 36 հազար 585, 2020-ին՝ 36 հազար 448, 2017–ին՝ 37 հազար 700 երեխա։
Արդյունքում Հայաստանի բնակչության թիվը 30 տարի հետո կարող է լինել ընդամենը շուրջ 2,6 միլիոն: