Իրանի Ազգային գազային ընկերության (NIGC) դիսպետչերական մենեջեր Մոհամմադ-Ռեզա Ջոալեն հայտարարել է, որ փորձագիտական հանդիպում է տեղի ունեցել թուրքական նավթագազային BOTAŞ ընկերության ներկայացուցիչների հետ, եւ երկու երկրների միջեւ գազի արտահանման հարցի շուրջ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ։
Ջոալեն նշել է, որ ներկայումս ընթանում են ակտիվ աշխատանքներ, եւ իրանական ու թուրքական գազային ոլորտի ներկայացուցիչների համաձայնեցված եւ արագ աշխատանքի շնորհիվ Թուրքիա իրանական գազի արտահանման հետ կապված տեխնիկականից մինչեւ օպերացիոն բնույթի բոլոր հարցերը կլուծվեն առաջիկա վեց ամսում։
Համաձայնեցված աշխատանքները վերաբերվում են նաեւ Բազարղանի կայանի վերակառուցմանը, տեխնիկական սպասարկման ծառայություններին, օպերատիվ ծրագրերին եւ այլն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների գազատրանսպորտային հզորությունները, տեխնիկական, ինժեներական ծառայությունները, ինչպես նաեւ համագործակցության համար հեռանկարային եւ ընդլայնման կամ ամրապնդման հնարավորություններ ունեցող այլ ոլորտներ։
Իրանցի պաշտոնյան նշել է, որ ահռելի գազային արդյունաբերություն ունեցող Իրանն աշխարհում հայտնի է որպես հուսալի գործընկեր, եւ այս հանգամանքը եւս նպաստելու է, որ հընթացս առաջացող բոլոր հարցերը արագ լուծվեն։
Պատրաստեց Արման Գրիգորյանը