ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում է բռնությամբ կամ բռնության սպառնալիքով ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունների համար սահմանել 12-15 տարվա ազատազրկում։
Օրինագծով նաեւ առաջարկվում է քրեականացնել ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը։
Նախագիծը դարձել է այս օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Ընդ որում` արձագանքները հիմնականում դրական են։ Թեեւ ոմանք դեմ չէին նույնիսկ ինքնիշխանությունից հրաժարվելու կոչեր հնչեցնողներին ոչ թե պարզապես բանտարկել, այլ ուղղակի քարկոծել (մահապատժի վերականգնման մասին կարծես թե դեռ խոսք չկա)։
Սակայն նախագծում քիչ չեն հարցականները, բաց տեղերը։ Նախ՝ հստակեցված չէ «ինքնիշխանություն» եզրույթը, եւ ո՞ր արարքը կարող է դիտարկվել որպես ինքնիշխանությունից հրաժարում կամ հրաժարվելու կոչ։ Իսկ քանի դեռ հստակեցված չեն եզրույթները, տարընթերցումների ու կամայականությունների առիթներ շատ կլինեն։
44-օրյա պատերազմից հետո Հայաստանը հայտնվել է ինքնիշխանության եթե ոչ ամբողջական, ապա մասնակի կորստի վտանգի առաջ։ Դատելով աշխարհաքաղաքական զարգացումներից` այդ վտանգը գնալով խորանում է։ Հիմա եթե, օրինակ, Ադրբեջանը ներխուժի Հայաստան՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված Ադրբեջան-Նախիջեւան ճանապարհը ստանալու, եւ ռուս խաղաղապահներ հայտնվեն այնտեղ, արդյո՞ք նրանց ներկայությանը համաձայնելը ինքնիշխանությունից հրաժարում է, թե՞ ինքնիշխանության մասնակի սահմանափակում, թե՞ դաշնակից երկրի կողմից դաշնակցային պարտավորությունների կատարում, որին համաձայնելը քրեորեն հետապնդելի չէ։
Եթե այլ երկրի զինված ուժերն են ՀՀ տարածքում տեղակայվելու եւ ճանապարհների անվտանգությունը հսկելու, ապա Հայաստանը կորցնում է այդ վայրերի նկատմամբ վերահսկողությունը, հետեւաբար՝ իր ինքնիշխանության մի մասը։ Ընդ որում, եթե հիշում եք, այդ սցենարի մասին գրել էր վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը։
Իրադարձությունների նման զարգացման դեպքում ի՞նչ են ասելու իշխանությունները՝ կարո՞ղ են արդարանալ, որ իրենց պետք է մեղադրել ոչ թե ինքնիշխանությունից հրաժարվելու, այլ ինքնիշխանությունն ամեն գնով պահելու համար, այլ հարց է, որ այդ փորձերն անհաջողությամբ պսակվեցին, թե՞ սա տեղավորվելու է քրեական օրեսգրքի համապատասխան ձեւակերպումների մեջ։
Իսկ, օրինակ, Միութենական պետությանն անդամակցելու գաղափարին կողմ արտահայտվելն արդյո՞ք ինքնիշխանությունից հրաժարվելու կոչ է, որին պետք է հետեւի քրեական պատասխանատվությունը, թե՞ դա տարածաշրջանային ինտեգրացիայի մասին է, նոր հնարավորությունների փնտրտուք եւ նոր հեռանկարներ։ Վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը նաեւ այդ սցենարի մասին էր գրել՝ նշելով, որ ՌԴ–ն ուզում է՝ Հայաստանը դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս։
Մեկ փաստ էլ․ տարեսկզբին խորհրդարանական ընդդիմությունն առաջարկում էր քրեորեն պատժելի դարձնել Հայաստանի ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունները։ Սակայն իշխող խմբակցությունը դեմ քվեարկեց՝ մերժելով այդ նախաձեռնությունը։
Հիմա, փաստորեն, իշխանություններն իրենք են նման նախագիծ բերում։ Էլ չենք խոսում այն մասին, որ «ինքնիշխանություն» բառը դարձել է այս օրերի ամենագործածվող տերմինը։ Անգամ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման օրվա առթիվ իր ելույթում Նիկոլ Փաշինյանը կոռուպցիայի դեմ պայքարն անվանել էր «պետության ինքնիշխանության, անկախության, անվտանգության ապահովման կարեւորագույն գործիքներից»։
Իսկ միգուցե այս նախագիծն ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունի եւ ոչ այնքան ներքին, որքան արտաքին լսարանի համար է արվում։ Ամեն դեպքում սրանք հարցեր են, որոնք գոյության իրավունք ունեն։
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: