Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Մայրիկ եւ բալիկ էքսպո-2022» («MOM AND KID EXPO-2022») ցուցահանդես-տոնավաճառը։ Էքսպոյում ներկայացավ երեխաների եւ մայրերի համար ապրանքներ արտադրող եւ ծառայություններ առաջարկող տեղական ավելի քան 100 ընկերություն։ Կահույք, խնամքի պարագաներ, հագուստ, աքսեսուարներ, զարգացնող խաղեր, սնունդ․․․ ամեն ինչ մայրերի ու երեխաների համար։ Էքսպոյի ընթացքում ընկերությունները սահմանել էին զեղչեր, պատրաստել էին նվերներ կամ հյուրասիրություն։
Առողջապահական, սոցիալական, իրավաբանական ոլորտների առաջատար մասնագետները դասընթացներ անցկացրին մայրերի եւ հղիների համար։ Երեխաների համար կազմակերպվել էին ուսուցողական խաղեր։
«Բիգ փրոջեքթս» ընկերության PR բաժնի պատասխանատու Դիանա Հարոյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում պատմեց՝ էքսպոյի ընթացքում ծնողները տեղեկանում են հայ արտադրողների արտադրատեսակների կամ ծառայությունների մասին։
«Միջոցառումը երրորդ անգամ է անցկացվում։ Մեր էքսպոն առաջին անգամ տեղի է ունեցել 2019-ին, երկրորդ անգամ՝ 2021-ին, իսկ այս տարի արդեն երրորդ անգամ է անցկացվում։ Ջանում ենք աջակցել նաեւ տեղական արտադրողներին ու ծառայություն մատուցող ընկերություններին, որոնք կարող են ներկայանալ սպառողներին»,- ասաց Դիանա Հարոյանը։
Ցուցահանդես-տոնավաճառի գլխավոր գործընկերներից մեկի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասնագետները էքսպոյի ընթացքում երեք դասընթաց անցկացրին։ Առաջին դասընթացն, այսպես ասած, «չուտող» երեխաների մասին էր, երկրորդը՝ կրծքով կերակրման, իսկ երրորդը՝ հղիության պլանավորման։
Ուշագրավ էր «Թինք էնջիներինգ» ծրագրավորման ու ռոբոտաշինության ուսումնական կենտրոնի տաղավարը։ Կենտրոն կարող են հաճախել 9-18 տարեկան երեխաները։ Ցուցահանդեսի ընթացքում ուսումնական փաթեթներ ձեռք բերելու դեպքում սահմանվեցին զեղչեր։
Կենտրոնը էքսպոյի ընթացքում ներկայացրեց նաեւ անգլիական ռոբոտաշինության սարք՝ մայքրոբիթը, որն աշխարհի մոտ 60 երկրներում օգտագործում է շուրջ 25 միլիոն երեխա։ Էքսպոյի ընթացքում սարքը վաճառվում էր 20 տոկոս զեղչով։
«Ուրախ ենք, որ այժմ նաեւ Հայաստանում երեխաները հնարավորություն կունենան օգտվելու այդ սարքից։ Մայքրոբիթը փոքր համակարգիչ է, որը նախատեսված է երեխաներին ոչ միայն ծրագրավորում սովորեցնելու, այլեւ նախագծեր իրականացելու համար։ Երեխան, օրինակ, կարող է ծրագրավորել, տան համար ստեղծել անվտանգության համակարգ, այսինքն՝ բարդ նախագծերը ռոբոտը բերում է պարզ մակարդակի, որի շնորհիվ այն հասանելի է լինում նաեւ երեխաներին»,- նշեց «Թինք էնջիներինգ» ուսումնական կենտրոնի համահիմնադիր- տնօրեն Քրիստինե Արզումանյանը։
Էքսպոյի կազմակերպիչ «Բիգ փրոջեքթս» ընկերության PR բաժնի պատասխանատու Դիանա Հարոյանն ընդգծեց՝ էքսպոյի ընթացքում արդեն բազմաթիվ ընկերություններ համագործակցության նոր ուղիներ են գտել, եւ դա էքսպոյի նվաճումներից է։
«Մենք ուրախ կլինենք, եթե մեր երկրում բիզնեսները զարգանան, իսկ սպառողները տեղեկանան դրանց մասին․ էքսպոն հենց այդպիսի հնարավորություն է ընձեռում։ Ուրախալի է տեսնել, որ մեր առջեւ դրված նպատակն իսկապես իրագործվում է։ Դա մեզ՝ էքսպոյի կազմակերպիչներիս համար ավելի մեծ եռանդով աշխատելու, նոր գաղափարներ մտածելու խթան է»,- եզրափակեց Դիանա Հարոյանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։