«Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու եւ կից նախագծերի՝ ԱԺ–ում քննարկման ներկայացված փաթեթով հանրային ծառայողներին, համայնքային ու պետական պաշտոնյաներին այսուհետեւ կարգելվի ստանալ 60 հազար դրամից թանկ նվերներ։
Ընդ որում՝ սահմանափակումները վերաբերում են ոչ միայն պաշտոնյային, այլեւ նրա հետ փոխկապակցված անձանց` կնոջը, ամուսնուն, զավակներին, ծնողներին, քույր-եղբորը։
Արգելված նվերների մոտավոր ցանկը
Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, ներառյալ ներված պահանջը, անհատույց կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, ըստ փոխնախարարի՝ անհատույց հանձնված կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը, մատուցված ծառայությունը, արտոնյալ փոխառությունը, դրամական միջոցները, կրիպտոարժույթը։
Նվեր կարող է համարվել նաեւ ուրիշի գույքի անհատույց օգտագործումը, որը տրամադրվում է անձի պաշտոն զբաղեցնելու հանգամանքով պայմանավորված։
Մինչեւ 40 հազար դրամ արժեքը չգերազանցող թույլատրելի նվերները ենթակա չեն հաշվառման
Արգելված նվերներ ստանալու դեպքում պաշտոնյան պարտավոր է դրա մասին գրավոր հայտարարություն ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որտեղ կորոշվի նվերի հետագա ճակատագիրը։ Անկախ դրանից՝ նման նվերներն օրենքով համարվում են պետական կամ համայնքային սեփականություն։
Օրենքով նախատեսվում է նաեւ ստեղծել թույլատրելի նվերների հաշվառման ցանկ, որտեղ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր կլինեն հաշվառել 40 հազարից մինչեւ 60 հազար դրամ արժեքով նվերները։ Մինչեւ 40 հազար դրամ արժեքը չգերազանցող թույլատրելի նվերները ենթակա չեն հաշվառման, եթե, իհարկե, տարվա մեջ 2 եւ ավելի անգամ չեն ստացվում նույն աղբյուրից։
Խորհրդարանում ընդունվելուց հետո 2023-ի հունվարի 1-ից օրենքին իրավական ուժ կտրվի: