Թուրքական Sabah պարբերականի վերլուծաբան Բեթուլ Ուսթան, հղում տալով գաղտնի «դիվանագիտական աղբյուրի», իր վերջին հոդվածում նշում է, որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ կարգավորման գործընթացը դրական միտում ունի, իսկ սահմանի բացման համար Թուրքիան սպասում է Բաքու-Երեւան խաղաղության պայմանագրին։ Որպես դրական զարգացում է նշվում նաեւ այն, որ Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջիկա հանդիպումը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում։
Ըստ «դիվանագիտական աղբյուրի»՝ հնարավոր խաղաղության պայմանագիրն ահռելի դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ «Ուսումնասիրվում են Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ցամաքային առեւտրի հնարավորությունները։ Եթե սահմանի բացման վերաբերյալ որոշումը կայացվի, Աքյաքայի սահմանային անցակետը մեկ ամսվա ընթացքում կբերվի աշխատանքային վիճակի»։
Sabah-ի «դիվանագիտական աղբյուրը» շեշտել է, որ տարածաշրջանային հարցերը պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն, եւ որ «դրանցից որեւէ մեկի լուծման գործընթացում վարանումը կնշանակի վարանում նաեւ մյուս գործընթացում, իսկ հաջողությունը կբերի հաջողություն նաեւ մյուս հարցերի կարգավորման մեջ»։
Պատրաստեց Լիլիթ Գրիգորյանը