Ըստ The Washington Post պարբերականի՝ Դեմոկրատական կուսակցության մի խումբ կոնգրեսականներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով ուղիղ բանակցություններ սկսելու Ռուսաստանի հետ, որոնք ի վերջո կհանգեցնեն Ուկրաինայում պատերազմի դադարեցմանը։ Նամակը ստորագրել են 50 կոնգրեսականներ՝ Պրամիլա Ջայապալայի գլխավորությամբ։
Նամակի հեղինակները շեշտել են, որ Սպիտակ տան ղեկավարը Ուկրաինային ֆինանսական եւ ռազմական աջակցություն ցուցաբերելուն զուգահեռ պետք է ուղիղ բանակցություններ սկսի Ռուսաստանի հետ՝ կրակի դադարեցման համար իրատեսական ուղենշային պայմաններ գտնելու համար, քանի որ դիվանագիտական կարգավորման այլընտրանքը ձգձգվող պատերազմն է, որն անկանխատեսելի կամ անկառավարելի ռիսկեր է պարունակում։
Նամակի հեղինակները կարծում են, որ ուղենշային պայմանները պետք է ներառեն պատերազմի դադարեցմանը նպաստող մի շարք դրույթներ, որոնց թվում նաեւ՝ Ռուսաստանի դեմ մինչ այժմ սահմանված պատժամիջոցների թուլացում, անկախ եւ ազատ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների՝ միջազգային հանրության հետ համատեղ երաշխավորում, որն ընդունելի կլինի առաջին հերթին հենց ուկրաինացիների համար։
The Washington Post-ն ընդգծել է, թե սա առաջին դեպքն է, երբ Բայդենի կուսակիցները կոչ են անում կտրուկ շրջադարձ կատարելու Ուկրաինայի պատերազմում որդեգրած ամերիկյան քաղաքական գծում։
Սպիտակ տունը եւ Պետքարտուղարությունը, սակայն, մեկնաբանելով դեմոկրատ կոնգրեսականների այս նամակը, հասկացրել են, որ Ջո Բայդենը դեմ է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցություններին։ Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները առանց Ուկրաինայի մասնակցության անհնարին են։ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի տեսնում երկխոսություն վարելու եւ դիվանագիտական ջանքեր ներդնելու՝ Ռուսաստանի պատրաստակամությունը։
Պատրաստեց Արման Գրիգորյանը