ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինն իր տելեգրամյան ալիքի գրառման մեջ նշել է, որ հոկտեմբերի 25-ին պաշտոնական էլեկտրոնային փոստին նամակ է ստացել։ Պաշտոնական նամակով ռուս պաշտոնյային ծանուցել են, որ իր մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է։
ԱԺ նամակում նշվում է, որ Զատուլինի՝ Հայաստանի հասցեին վերջին շրջանի հրապարակային հայտարարությունները վնասում են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամական եւ դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։
Նշվել է, որ այդ պատճառով հետագայում նրա այցը Հայաստանի Հանրապետություն անցանկալի է համարվում։
Զատուլինն այդ քայլը վիրավորական է գնահատել։ Նա մոտ օրերս նա պետք է այցելեր Հայաստան՝ իր հիմնադրած Լազարյան ակումբի հոկտեմբերի 28-ին նախատեսված նիստին մասնակցելու համար:
ԱԺ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հաստատել է Զատուլինին նամակ ուղարկելու փաստը: Այլ մանրամասներ մամուլի խոսնակը չի տրամադրել։