Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի կառավարությունը աշխատանքային այցով Թբիլիսի ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Վրաստանի ազգային թանգարան այցելելու վերաբերյալ տեղեկություն է հրապարակել: Տեղեկության մեջ չեն հիշատակվում ո՛չ «Ղարաբաղի խանության ժառանգությունը» ցուցահանդեսը, ո՛չ էլ Ալիեւի հրապարակած գրառման մեջ նշված «Ղարաբաղի խանությունը. պատմամշակութային ինքնություն» վերնագրով գիրքը։
«Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ծանոթացել է Վրաստանի ազգային թանգարանում պահվող ադրբեջանական մշակութային ժառանգության նմուշների լուսապատճեններին, որոնք արտացոլում են սոցիալական տարբեր շերտերի ադրբեջանցիների կյանքն ու արհեստը»,- հայտնել են Ղարիբաշվիլիի մամուլի ծառայությունից։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ Վրաստան կատարած այցի ընթացքում ինքը երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ այցելել է «Ղարաբաղի խանության ժառանգությունը» ցուցահանդես։
Ալիեւի աշխատակազմի մամուլի ծառայությունն այնուհետեւ հայտարարել է, որ ցուցահանդեսին ներկայացված է եղել վրացի էթնոլոգ եւ գիտնական Էլդար Նադիրաձեի՝ «Ղարաբաղի խանությունը. պատմամշակութային ինքնություն» գիրքը։