Ծնողներից փախչելու եւ ծառի վրա գտնվող տնակում մնալու մանկական երազանքն արդեն հնարավոր է իրականություն դարձնել։ Դրա համար ո՛չ մանկություն է պետք վերադառնալ, ո՛չ էլ շինարարական գործիքներով ծառ բարձրանալ։ Երազանքի տնակը կարող եք գտնել սահմանին՝ Վայոց ձորի մարզի սահմանապահ Խնձորուտ գյուղում։
Արամ Հարությունյանն առաջիններից է եղել, որ հաշվի չառնելով ռիսկերն ու հնարավոր դժվարությունները՝ որոշել է հայ-ադրբեջանական սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա բիզնես հիմնել։ Երիտասարդն ընտանիքի հետ Երեւանից տեղափոխվել է Խնձորուտ ու պապական տունը վերածել զբոսաշրջային կենտրոնի՝ «Հրաշք տուն» անունով։
Արամը վստահեցնում է՝ հրաշք է ոչ միայն հյուրատան անունը, այլեւ իրենց գյուղի բնությունն ու այն ամենը, ինչ կկարողանան տեսնել ու ճաշակել հյուրերը։
Գյուղում ենթակառուցվածքային որոշ խնդիրներ կան՝ խմելու ջրի, ներհամայնքային ճանապարհների, բայց ժամանակի ընթացքում լուծվում են։ Վերջերս էլ տասնամյակների դադարից հետո հիմնանորոգվել է Խնձորուտ տանող ճանապարհը։ Սա նպաստում է նաեւ զբոսաշրջության զարգացմանը, սակայն այդ ուղղությամբ դեռ շատ աշխատանք կա անելու։
«Պիտի սկսենք արդյունավետ օգտագործել մարքեթինգային գործիքները։ Հյուրատունը կարող է արտաքինից ամեն ինչով ապահովված լինել, բայց զբոսաշրջիկը մինչեւ կացարան հասնելը ճանապարհ է անցնում, մարզն է տեսնում»,-ասում է երիտասարդը։ Մինչեւ տեղ հասնելն էլ այցելուի տեսածն աչքին հաճո պետք է լինի, ընթացքը՝ հարմարավետ, որ որոշի հետագայում վերադառնալ։ Տարբեր հարցեր կան կարգավորելու՝ աղբամաններից մինչեւ պետքարաններ, ավտոկայաններում համացանցին հասանելիություն, թիրախային գովազդային արշավներ։
Արամը հյուրերին չի առաջարկում միայն գյուղական կյանքով ապրել։ Հիմա շատերը կարող են իրենց տան մի սենյակը հյուրատան վերածել ու աշխատել։ Դա լավ է, սակայն պետք է նաեւ այլ ծառայություններ մատուցել։
Խնձորուտում Արամի հյուրերը կարող են նաեւ ձիարշավների կամ ավտոարշավների մասնակցել, բնակիչների ուղեկցությամբ այցելել նախկին գյուղատեղի՝ Օղբին, ծանոթանալ տարածքի պատմամշակութային ժառանգությանը։ Զիփլայն ստեղծելու մտքեր ունեն:
Շատերն էլ հեծանիվներով են գալիս, գիշերն էլ հրաժարվում տանը մնալուց․ հարեւանությամբ խարույկ են վառում, մշակութային երեկոներ կազմակերպում ու գիշերում վրաններում։ Արամն ու գործընկերները արշավներ են կազմակերպում ոչ միայն Խնձորոտում, այլեւ ամբողջ Վայոց ձորում։ Համագործակցում են մարզի հյուրատների հետ։
Հենց միասնականությունն է, ըստ Արամի, հաջողության ամենակարեւոր գրավականը, որ պետք է դրսեւորվի բոլոր ոլորտներում։ Իսկ սահմանամերձ գյուղերի դատարկվելու դեմ պայքարում պետք է համատեղ գործեն պետական ու մասնավոր սեկտորները։ «Զբոսաշրջային տեսանկյունից թե՛ մեր գյուղը, թե՛ ամբողջ մարզը մեծ ներուժ ունեն, որը միայն համատեղ աշխատանքի դեպքում կարող ենք արդյունավետ օգտագործել՝ նպաստելով նաեւ համայնքների զարգացմանը»։
Գյուղերում զբոսաշրջության տարբեր ճյուղեր կարող են զարգանալ, որոշ գյուղերում էլ այլ ոլորտներ ակտիվացնելու հնարավորություն կա, որը նախեւառաջ պետք է բացահայտել։ Սահմանամերձ բնակավայրերում բազմաթիվ դասընթացներ են կազմակերպում երիտասարդների համար, որոնց ծավալը եւ ուղղություններն անհրաժեշտ է ավելացնել։ Արամն ասում է՝ արդյունքի հասնելու համար առաջին հերթին պետք է հստակ ծրագիր ունենալ, հասկանալ՝ ինչ ունենք եւ ինչ կարող ենք ստանալ։ «Իսկ համայնքների պահպանման բանալին երիտասարդների ձեռքում է։ Պետք է աշխատել կրթության որակի բարձրացման, տաղանդները բացահայտելու ուղղությամբ, զարգացնել անհատներին, բայց սնել նաեւ համայնքային, թիմային մտածելակերպով»։
Սահմանապահ գյուղի բնակիչը վստահ է՝ «մի ծաղկով գարուն չի գա», դրա համար համերաշխ պիտի լինեն սահմանից մինչեւ մայրաքաղաք ու նայեն մեկ ուղղությամբ։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: