ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե ՌԴ-ն Ուկրաինայի շուրջ երկխոսության պատրաստակամություն չի հայտնում, պարզապես սուտ են:
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել էր, որ Վաշինգտոնում ՌԴ-ից որեւէ ազդանշան չեն տեսնում երկխոսության պատրաստակամության վերաբերյալ:
«Ինչ է նշանակում՝ Պետդեպարտամենտում ռուսներից որեւէ ազդակ չեն տեսնում, որ նրանք պատրաստ են միանալու դիվանագիտությանը եւ երկխոսությանը։ Դա կարելի է չտեսնել միայն այն դեպքում, եթե նրանք անջատել են հեռուստացույցը, հոսանքազրկել իրենց համակարգիչները, լիցքաթափել հեռախոսները եւ մտել բունկեր: Այդ ժամանակ հնարավոր է չտեսնել, չլսել, չիմանալ: Իսկ եթե դրանք բոլորը դեռ աշխատում են, ապա դա անելը շատ դժվար է»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ Մոսկվայում մնում է ԱՄՆ-ի դեսպանատունը, որը պարտավոր է Վաշինգտոնին զեկուցել ռուսական կողմի դիրքորոշման, առավել եւս՝ սկզբունքային հարցերի շուրջ դիրքորոշման մասին: