ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, թե Վաշինգտոնի եւ Բրյուսելի իրական նպատակը ոչ թե փոխզիջումային եւ հավասարակշռված որոշումներ մշակելն է, այլ ինքնագովազդը։
Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցություններին, տարածաշրջանում ԱՄՆ-ի միակ նպատակն է օգնել երկու երկրներին՝ հասնելու համապարփակ եւ տեւական խաղաղության, ի վերջո կյանքեր փրկել։
«Չգիտեմ՝ դա ինչպես կարող է մեկնաբանվել որպես ինքնագովազդ: Ինչպես ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը, մենք հավատարիմ ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցություններին»,- ընդգծել է Փրայսը՝
Անդրադառնալով ՌԴ նախագահի՝ Սոչիում հանդիպելու վերաբերյալ առաջարկին՝ Փրայսը նշել է, որ ըստ ԱՄՆ-ի՝ ուղիղ երկխոսությունն առանցքային է խնդիրների լուծման եւ կայուն խաղաղության հասնելու համար։ Նա շեշտել է, որ ի վերջո Հայաստանի եւ Ադրբեջանի որոշելիքն է, թե ՌԴ նախագահ Պուտինի հրավերն օգտակար կլինի՞ նրանց համար՝ հասնելու այդ տեւական խաղաղությանը։
ՀՀ վարչապետ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին կմեկնի Սոչի՝ հանդիպելու Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի հետ։