Այն, ինչ հնարավոր է այսօր, վաղը կարող է լինել անհնար։ Օրինակ՝ 1998-ին մենք հնարավորություն ունեինք մեզ համար շատ ձեռնտու պայմաններով հասնելու Ադրբեջանի հետ փոխհամաձայնության, ինչի արդյունքում ունենալու էինք բաց սահմաններ ու տնտեսական զարգացում, չէինք ունենալու 23 տարի շարունակվող սահմանային լարվածությունները, մարդկային կյանքեր խլած մեծ ու փոքր ընդհարումները, 2020-ի պատերազմը եւ դրան հետեւած պարտությունն ու մեր այսօրը։ Սակայն իշխանության երեք առանցքային դեմքեր՝ Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, մերժեցին այս տարբերակը։ Նրանք միայնակ չէին։ Մեր ողջ հանրությունը, փոքրաթիվ բացառությունները չհաշված, փոխզիջումներով խնդիրը լուծելուն դեմ էր։
Տարիներ անց՝ 2016-ին թե 2017-ին, երբ 1998-ի հնարավորություններն արդեն մսխված էին, երբ բանակցային գործընթացում մեր դիրքերն անչափ թույլ էին, ասում են, իբր, Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում Արցախի իշխանություններին ասել է, թե մեծ կորուստներից խուսափելու համար պահանջվող զիջումներին պետք է համաձայնել, հակառակ դեպքում՝ «Գետաշեն, Գետաշեն երգելուն զուգահեռ Ստեփանակերտ, Ստեփանակերտ եք երգելու»։
Զավեշտն այն է, որ 1998-ին, երբ մեր դիրքերն ավելի քան ամուր էին, Սերժ Սարգսյանին էին համոզում-բացատրում, որ ժամանակը չի ներում, պետք է գնալ խնդրի փոխզիջումային լուծման, հակառակ դեպքում ուշ է լինելու, ու ամբողջն ենք կորցնելու։ Իսկ նա իր թիմակիցների հետ միաձայն ասում էր՝ ո՛չ, ոչինչ էլ չենք զիջելու, ողջ գրավածը մեզ ենք պահելու, աշխարհին ու Ադրբեջանին էլ ստիպելու ենք, որ մեր պայմաններն ընդունեն։
Արդյունքում Հայաստանը դուրս մնաց 2000-ականների առաջին տարիներին նոր ձեւավորվող տարածաշրջանային տնտեսական նախագծերից, վերածվեց անկլավի ու զրկվեց զարգացման այն հնարավորություններից, որ Արցախի հարցի կարգավորված լինելու պարագայում կարող էր ունենալ։
Միջազգային հանրության ճնշման ու տնտեսապես զարգացող Ադրբեջանի անընդհատ ավելացող պահանջների ծանրությանը դիմադրել չկարողացող Սարգսյանը Ստեփանակերտում իր թիմակիցներին բացատրում է այն, ինչ իրեն բացատրում էին 1998-ին։ Անգամ այդ ժամանակ, երբ ակնհայտ էր դրության ողջ ծանրությունը, հետեւողական լինելու, երկրին սպառնացող վտանգը վերացնելու ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու փոխարեն նա սահմանադրություն փոխելով սեփական իշխանությունը երկարաձգելու գործով էր զբաղված։
1998-ից սկսած մենք գնում էինք մի ճանապարհով, որը պետք է հասցներ մեզ 2020-ի պատերազմին ու մեր ջախջախիչ պարտությանը։
Որքան էլ տարօրինակ է, մեր պարտությունը մեզ դաս չի դառնում։ Այսօր արդեն ընդդիմություն դարձած երեկվա իշխանությունները, հրապարակում եղած այլ ուժեր, կարծիք ձեւավորող ամենաբազմազան դեմքեր հին երգն են շարունակում՝ մերն է ամբողջը, պետք է զինվենք, պատերազմենք ու կորցրածը հետ գրավենք։
Թե ինչպես ու ինչ հնարավորություններով պետք է զինվենք եւ ինչպես պետք է հետ գրավենք, չեն բացատրում։ Չեն բացատրում նաեւ, թե ինչու հաջորդ պատերազմը, որի մասին խոսում են, որ նախապատրաստում են, նոր կորուստներ ու նոր պարտություն չի բերելու։ Չեն բացատրում, թե ինչու է այն անպայման մեր օգտին ավարտվելու։ Խրոխտ կեցվածքով հայտարարում են, որովհետեւ ականջահաճո են նման հայտարարություններն ու ծափահարություններ են պարգեւում։ Հետեւանքների համար պատասխանատու չեն։ Երբեք էլ պատասխանատու չեն եղել։ Եվ ամենայն անպատասխանատվությամբ տանում են իրենց հետեւից մեր հանրության մեծամասնությանը։
Իսկ մեծամասնությունը փակում է աչքերը, որ վախեցնող իրականությունը չտեսնի։ Որ ապրի ականջահաճո ստով։ Չենք ցանկանում ընդունել, որ հասել ենք մի վիճակի, երբ լավ լուծումներ ունենալ չենք կարող։ Այսօր մենք կարող ենք ունենալ վատ կամ շատ վատ լուծումներ։ Շատ վատ լուծումն այն է, որ արձանագրված կորուստներին զուգահեռ կորցնենք նաեւ տարածքներ Հայաստանից, որ Ադրբեջանը, կտրելով մեզ Իրանից ու ավելի ամբողջականացնելով մեր շրջափակումը, ստանա Մեղրիով անցնող իր պահանջած սուվերեն միջանցքը, որ էլ ավելի ահագնանան մեր ինքնիշխանությանը սպառնացող վտանգները։
Անպատասխանատու ու կարգախոսային ելույթների հետեւից վազելու փոխարեն մեր խնդիրն այսօր պետք է լինի իրականության ճիշտ ընկալումը, ժամանակի այս կտրվածքում մեր ունեցած հնարավորությունների գիտակցումը։ Հակառակ դեպքում չենք խուսափի շատ վատ լուծումներից։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։