Վարդուհի Գրիգորյանն իր երկու անչափահաս երեխաների եւ մոր հետ Գյումրու Շերբինայի փողոցի տնակներից մեկում է ապրում։ Դարն ապրած մետաղի ջարդոնում ընտանիքը լավ օրից չի հայտնվել․ հիվանդություն, իրար հաջորդող վիրահատություններ, սոցիալական խորացող խնդիրներ, անելանելի վիճակ։
Օրերը ցրտելուն պես ոչ միայն Վարդուհին, այլեւ հազարավոր տնակաբնակներ սկսում են պայքարել դրսից ավելի ցուրտ տնակում չցրտահարվելու համար։ Վարդուհին արդեն կուտակել է վառվող աղբի տեսականի՝ թուղթ, կոշիկներ, անգամ պոլիէթիլենի տոպրակներ։ Ասում է՝ տեղ չունի ավելի շատ կուտակելու, հույսը բարերարներն են։
«Շիրակ կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպությունը միշտ ժամանակին է հասնում, ապահովում վառելափայտով ու մթերքով։ Վարդուհուն օգնում են նաեւ բարեգործական տեղի եւ արտասահմանյան կազմակերպություններ, անհատ բարերարներ։ Պետության հատկացրած չնչին նպաստը չի բավականացնում անգամ դեղերի կեսը գնելու համար։ Վարդուհին բազմիցս է դիմել ավագ որդու հաշմանդամության թոշակ ստանալու համար, բայց ապարդյուն․ ասում են՝ չի՛ հասնում, խնդիրն այնքան էլ խոր չէ։ (Խնդիրը բավականին խորն ու ակնհայտ էր, անգամ անզեն աչքով։ Հեղ․)
Տնակներում ապրողների դարդ ու ցավին քաջատեղյակ «Շիրակ կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը փաստում է, որ տարեցտարի Հայաստանում սոցիալական խնդիրներն ավելի են խորանում։
«Գյումրիում տուրիզմի թվացյալ զարգացումը, թվում է, պետք է քաղաքում բան փոխեր, բայց աղքատ խավի վրա ոչ մի ազդեցություն չկա, հակառակը՝ ավելի է խորանում սոցիալական շերտավորումը»,- ասում է Թումասյանը։
Նա պաշտոնական տվյալներն է հրապարակում, ըստ որի՝ ծայրահեղ աղքատությունը 49 տոկոսի է հասել։ Այս թվի հետ Թումասյանն այնքան էլ համամիտ չէ, վստահ է՝ թիվն ավելի բարձր է։
Որ աղետի հետեւանքները վերացնելու եւ աղքատությունը մեղմելու համար երեք տասնամյակից ավելի Կառավարությունը ոչինչ չարեց, երկու կարծիք լինել չի կարող։ Աղետի հետեւանքները փոխանցվեցին երկրաշարժ չտեսած սերնդին։ Թումասյանը հոռետեսություն չի համարում պնդումը, որ այս սերունդը նույնպես ինքնուրույն չի հաղթահարի աղքատությունն ու դուրս չի գա աղքատության ճիրաններից։
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պետությունն իր տեղում չէ․ սոցիալական խնդիր չի լուծում գլոբալ առումով, ընդամենը փոքր նպաստներ է տալիս, որ քաղաքացին ոչ թե ապրի, այլ սովից չմեռնի։ Ամենավտանգավորն այն է, որ աղքատության մեջ մեծացած սերունդն այսօր համակերպվել է մշտական կարիքավոր լինելու հետ։ «Ճահիճի մեջ գտնվողը երբ համակերպվում է, երբեք նույն տեղում չի մնում․ անընդհատ խրվում ու իջնում է»,- ասում է Թումասյանը։
Գյումրիում ձմեռը վաղուց է դադարել տարվա եղանակ լինելուց, հասարակության կեսից ավելիի համար այն ամենամյա աղետ է։ Թումասյանն ասում է՝ այս տարի վառելափայտով տաքացող ընտանիքների 5-7 տոկոսն է վառելիք գնել։ Քաղաքում 5-6 հազար ընտանիք գազով չեն ջեռուցում տները. ոմանց տները գազաֆիկացված չեն, ոմանք էլ ի վիճակի չեն օգտվելու կապույտ վառելիքից։
«Շիրակ կենտրոնն» ահազանգում է․ այս տարի վառելափայտ բաժանել չեն կարող։ Հովանավորների ուշադրությունն ուղղվել է սահմանամերձ բնակավայրերին, ֆինանսավորում չկա։ «Պետությունը պետք է մի բան անի, տեղից շարժվի։ Այս իրավիճակը կբերի մասսայական ցրտահարությունների»,- բարձրաձայնում է Թումասյանը, հորդորում պատկան մարմիններին դուրս գալ գրասենյակներից ու շրջել տնակային թաղամասերում։
Այս կոչից Կառավարությունը կսթափվի, թե կբավարարվի ցրտահարվածներին այցելելով ու նրանց հետ նկարվելով՝ պարզ կլինի կարճ ժամանակից։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։