ՀՀ առողջապահության նախարարությունը Տավուշի մարզկենտրոն Իջեւանում անցկացրեց «Քոնն է ընտրությունը, ընտրի՛ր առողջությունը» իրազեկման արշավը։ Նման արշավներ արդեն կազմակերպվել են Գյումրիում եւ Երեւանում, առաջիկայում կլինեն նաեւ Լոռու մարզկենտրոն Վանաձորում, Արմավիրի մարզի Գետաշեն եւ Մյասնիկյան գյուղերում։
Իրազեկման արշավների նպատակն է հանրությանն իրազեկել ֆիզիկական ակտիվության, առողջ սննդի կարեւորության մասին։ Իջեւանում անցկացված իրազեկման արշավի թիրախում դպրոցականներն էին՝ Իջեւանի թիվ 1 եւ թիվ 5 հիմնական դպրոցների, Սեւքարի, Թեղուտի եւ Ներքին Ծաղկավանի միջնակարգ դպրոցների աշակերտները։
Առողջապահության նախարարությունը համագործակցել է մի շարք կազմակերպությունների (ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիր, «Ալցհայմերի խնամք Հայաստան» ՀԿ, «Առաքելություն Հայաստան» ՀԿ, «Հայկական Կարիտաս», «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ, Հայ կարդիոլոգների ասոցիացիա, Տարեցների առողջության եւ խնամքի ապահովման ասոցիացիա) հետ։ Իրազեկման արշավները լինելու են շարունակական․ թիրախում տարբեր տարիքային խմբերի քաղաքացիներ են։
Առողջ ապրելակերպի սովորությունները մարդու մեջ ձեւավորվում են վաղ տարիքից, եւ շատ կարեւոր է, որ երեխաներն իրազեկված լինեն առողջ ապրելակերպի եւ առողջ սննդի վերաբերյալ, հենց այս պատճառով էլ արշավի թիրախում աշակերտներն էին։
«Իրազեկման ակցիային մասնակցող հինգ դպրոցում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրն անցկացրել էր դասընթացներ առողջ սննդի եւ առողջ ապրելակերպի վերաբերյալ: Նրանք իսկապես շատ լավ էին պատրաստված, հիանալի ելույթներ ունեցան, անցորդներին մանրամասն ու հանրամատչելի կերպով բացատրում էին առողջ սննդի եւ առողջ ապրելակերպի կարեւորությունը»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում պատմում է առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի գլխավոր մասնագետ Քրիստինե Գալստյանը։
Սննդաբան Լիանա Ավետյանը, որն աշակերտներին օգնում էր առողջ սնունդ պատրաստելու, նշում է՝ հաճելիորեն զարմացած է ու հիացած դպրոցականների գիտելիքներով։
«Երեխաները ոչ միայն հմտորեն առողջ սնունդ էին պատրաստում, այլեւ գիտեին՝ որ սննդատեսակն ինչ վիտամիններ ու օգտակար նյութեր է պարունակում, ինչպես կարելի է առողջ սնվել։ Երեխաներից ոմանք պատմում էին վիտամինների ու հանքանյութերի կարեւորության մասին, ներկայացնում էին, թե դրանք ինչպես են ազդում օրգանիզմի վրա»,- նշում է Լիանա Ավետյանը։
Աշակերտներն իրենց պատրաստած հյութերն ու սնունդը հյուրասիրեցին անցորդներին։ Նրանց մյուս մասն էլ ցույց էր տալիս՝ ինչպես կարելի է կատարել ֆիզիկական վարժություններ, որոնք առողջ ապրելակերպի կարեւոր բաղադրիչ են։ Առողջ մարմին ունենալուն զուգահեռ կարեւոր է առողջ ուղեղ ունենալը։ Երեխաների համար կազմակերպվել էր ինտելեկտուալ խաղ, որի ընթացքում ճիշտ պատասխաններ տված աշակերտները նվերներ ստացան։
Իջեւանի թիվ մեկ հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Կառլեն Մատինյանն ասում է՝ հաճելի էր իրազեկման արշավին մասնակցելն ու անցորդներին առողջ սննդի եւ առողջ ապրելակերպի կարեւորությունը բացատրելը, ավելին՝ պատրաստակամ է առաջիկայում եւս նման արշավների մասնակցելու եւ արշավների համար ցուցապաստառներ նկարելու։
«Մարդիկ մոտենում էին մեզ, հարցեր տալիս, ուշադրությամբ լսում պատասխանները։ Իսկապես, շատ հետաքրքիր էր նրանց իրազեկելն ու նրանց ժպիտները տեսնելը»,- ասում է Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Սվետլանա Ալավերդյանը։
Տավուշի փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանը եւս մասնակցում էր ակցիային։ Նա հույս հայտնեց, որ արշավի մասնակիցները կհետեւեն երեխաների ու մասնագետների խորհուրդներին եւ կհրաժարվեն վատ սովորություններից, ինչը կարող է բարձրացնել նրանց կյանքի որակը։
Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն էլ վստահեցնում է՝ առողջապահության նախարարությունը շարունակելու է նման արշավները, որպեսզի ունենանք առողջ հասարակություն։
«Անընդհատ փորձում ենք քաղաքացիներին տեղեկություն փոխանցել, թե որքան կարեւոր է առողջ ապրելակերպն իր բոլոր բաղադրիչներով։ Եթե երեխաներն իմանան առողջ ապրելակերպի մասին, մենք կունենանք առողջ սերունդ, հետագայում կկարողանանք կանխարգելել բազմաթիվ հիվանդություններ»,- նշում է Լենա Նանուշյանը։
Իրազեկման արշավի ընթացքում «Ալցհայմերի խնամք Հայաստան» ՀԿ-ն 40-ից բարձր տարիքի անձանց շրջանում հիշողության գնահատում եւ թեստավորում անցկացրեց։ Այն քաղաքացիները, որոնց մեջ մասնագետները խնդիրներ նկատեցին, խորհուրդներ ստացան վարժությունների, սննդակարգի, ապրելակերպի վերաբերյալ։ Դրանց հետեւելով՝ հնարավոր կլինի հիվանդությունը կանխարգելել։
Հիշողության թեստավորմանը մասնակցեցին նաեւ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն ու Տավուշի փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանը, որոնց թեստավորվելու պատրաստակամությունը վարակիչ էր մյուս քաղաքացիների համար։
«Ալցհայմերի խնամք Հայաստան» ՀԿ-ի մասնագիտական թիմի անդամ բժիշկ Անուշ Սարգսյանն ասում է՝ սովորաբար Երեւանում եւ մյուս քաղաքներում թեստավորմանը մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքացիների թիվն ավելի մեծ է, քան գյուղերում։ Բարեբախտաբար, Իջեւանում եւս մարդիկ հետաքրքրված էին եւ պատրաստակամորեն մասնակցում էին։
«Թեստավորման արդյունքները ցույց են տալիս՝ 40-ից բարձր տարիքի քաղաքացիների 40 տոկոսը դեմենցիա ունի։ Սա պայմանավորված է նաեւ կորոնավիրուսի ընթացքում տեղի ունեցած լոք-դաունով, այսինքն՝ մարդիկ մնացել էին տներում, չէին շփվում միմյանց հետ, բացի այդ՝ կորոնավիրուսը բացասական ազդեցություն է թողել հիշողության, նյարդային համակարգի վրա, նաեւ սրտանոթային համակարգի խնդիրներ է առաջացրել»,- բացատրում է բժիշկը։
Հաջորդ տարի «Ալցհայմերի խնամք Հայաստան» ՀԿ-ն շարունակելու է բոլոր մարզերում հիշողության գնահատում եւ թեստավորում անցկացնել եւ կազմակերպելու է դեմենցիա ունեցողների տնային խնամքը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։