Ըստ իրանական Tasnim գործակալության՝ Իրանը հոկտեմբերի 27-ին Սպահան քաղաքում սկսել է 10 Մգվտ հզորությամբ ավազանային տեսակի հետազոտական միջուկային նոր ռեակտորի կառուցումը։
Ռեակտորի կառուցման նախագծի բացման արարողությանը մասնակցել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։
Ռեակտորն աշխատելու է 20%-անոց հարստացման թերթավոր վառելիքի հիման վրա եւ կիրառվելու է բժշկության եւ արդյունաբերության մեջ օգտագործվող ռադիոիզոտոպների արտադրության, նեյտրոնային ճառագայթման բնագավառում հետազոտությունների զարգացման եւ միջուկային վառելիքի համար նյութերի փորձարկման նպատակով։
Գործակալության տվյալներով՝ ռեակտորի նախագծումն ու շինարարությունն իրականացնում են բացառապես իրանցի մասնագետները։