ՀՀ իշխանությունները տարբեր առիթներով ասում են՝ Բաքուն պետք է իր զորքերը դուրս բերի ՀՀ ինքնիշխան տարածքից: Ձեր կարծիքով Բաքուն դա չգիտի՞: Աշխարհում կա՞ որեւէ երկիր, որը դա չգիտի: Նույնիսկ Թուրքիան ու Պակիստանը գիտեն: Բայց ի՞նչ ունենք Բաքվին առաջարկելու բացարձակապես անզեն վիճակում: Ոչինչ: Երեւի Մեղրիի միջանցքը, մեկ էլ Հայաստանում ինչի վրա Բաքուն մատը կդնի:
Մակրոնն ու Բայդենն էլ գիտեն, որ Բաքուն ՀՀ ինքնիշխան տարածք է մտել: Շոլցն էլ: Սունակն էսօր-էգուց կիմանա: Հռոմի պապը եթե չգիտեր, երեկ իմացավ, Արարատ Միրզոյանի հետ էր հանդիպել: Ի՞նչ կարող են անել նրանք: Նրանք բոլորը Հայաստանից վճռականություն են սպասում: Նրանք բոլորը գնահատեցին Ադրբեջանի վճռականությունը՝ վերականգնելու իր տարածքային ամբողջականությունը: Նրանք ի՞նչ պիտի անեն՝ զորք բերեն, Ադրբեջանին ՀՀ տարածքից հեռացնե՞ն: Ոչ ոք դա չի անի: Ռուսաստանն էլ չի անի: Դելիմիտացիան այն ծուղակն էր, որի մեջ մեզ ներքաշեցին, բայց որի մեջ չներքաշվելու ընտրությունը չունեինք:
Բաքուն ՀՀ տարածքում մնալու է, մինչեւ ամբողջ աշխարհը չհամոզվի, որ հայերն ու ադրբեջանցիներն իրարից պարտք ու պահանջ չունեն: Դա պիտի փաստաթղթավորվի: Հայաստանն ինքն է իրեն դրել այս վիճակում: Եվ երբ տարբեր լրատվական կայքերում կարդում եմ, որ ՀՀ բարձրագույն իշխանությունները ամենատարբեր միջազգային հանդիպումների ժամանակ ասում են, թե Բաքուն պետք է իր զորքերը դուրս բերի ՀՀ ինքնիշխան տարածքից, ուղղակի չգիտեմ ինչ մտածել: Դա ի՞նչ է՝ հիշողության մարզա՞նք: Քաղաքականության բոլոր դռները մենք փակել ենք 2020-ի սեպտեմբերի 27-ի լույս առավոտյան: Հիմա, իհարկե, հերթով բացում ենք այդ դռները, բայց ինչպե՞ս:
Ո՞ւմ մտքով կանցնի ասել, որ Հայաստանը որեւէ ազդեցություն չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման վրա: Ոչ մեկի: Բայց երբ ուներ, ներողություն արտահայտության համար, «չորով» ասում էր, թե մենք Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել ենք առաջին պատերազմի ժամանակ: Եվ դա ասում էր մինչեւ 44-օրյա պատերազմի առաջին օրը:
Հիմա, երբ ՀՀ իշխանություններն ասում են, թե Բաքուն պետք է զորքերը դուրս բերի ՀՀ ինքնիշխան տարածքից, իրավիճակի կոմիզմը սրվում է նրանով, որ Բաքվում այդպիսի հարց չի էլ դրվում: Այսինքն՝ իհարկե, դուրս են բերելու, բայց նրանք «կոփելու» են այնպիսի տարածաշրջան, որտեղ Հայաստանի մտքով չի անցնելու իր խնդիրներից զատ ուրիշի դարդը լացել: Դեռ պարզ չէ, թե Ռուսաստանն ինչ աղետ է ծրագրում մեր, այսպես կոչված, հակառուսականության առիթով: Հոկտեմբերի 27-ի օրով արժեր այդ մասին մտածել: Նույնիսկ եթե պնդելու ես քոնը:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: