Ըստ The Hill պարբերականի՝ Qualtrics-ի սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ ԱՄՆ բնակիչների մեծ մասը հայտարարել է, որ փորձում է ավելի շատ աշխատել, որ կարողանա ծածկել առաջին անհրաժեշտության՝ թանկացումների պատճառով նկատելիորեն աճած ծախսերը։
Հարցախույզին մասնակցած 1000 չափահաս ամերիկացիների 57 տոկոսը հայտարարել է, որ փնտրում է հավելյալ աշխատանք կամ աշխատավայրում հավելյալ հերթափոխով աշխատելու պատրաստակամություն է հայտնել։ Հարցվածների 38 տոկոսն էլ հայտարարել է, որ երկրորդ աշխատանք է փնտրում։ Ուշագրավ է, որ հարցախույզի՝ երեխաներ ունեցող մասնակիցներն ավելի հաճախ են իրենց ընթացիկ աշխատավայրում հավելյալ ժամեր աշխատելու պատրաստակամություն հայտնել (64%) կամ փնտրել հավելյալ աշխատանք (47%)։
Qualtrics-ը հարցախույզն իրականացրել է օգոստոս-սեպտեմբերին։ Հարցումը ցույց է տալիս, թե հասարակ ամերիկյան տնային տնտեսություններն ինչպես են կարողանում հաղթահարել վերջին 40 տարվա մեջ արձանագրված ամենաբարձր թանկացումները։
Հարցվածների 64 տոկոսը հայտարարել է, որ անցյալ տարվա համեմատ ավելի շատ է խնդիրներ ունենում կեցության ընթացիկ ծախսերը հոգալիս։ Հարվածների 37 տոկոսը հայտարարել է, որ փնտրել է ավելի բարձր վարձատրվող աշխատանք։ Շատերը պարզապես ավելի էժան բնակության վայր են ընտրել, որպեսզի կարողանան հոգալ ծախսերը։
Պատրաստեց Արման Գրիգորյան