ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը տարակուսանքով է ընդունել Կոնստանտին Զատուլինի, ինչպես նաեւ Մարգարիտա Սիմոնյանի՝ Հայաստանում «անցանկալի անձ» համարվելու վերաբերյալ հայտարարությունները:
Զախարովան նշել է, որ Մոսկվան դիվանագիտական խողովակներով անմիջապես դիմել է հայկական կողմին՝ պաշտոնական հաստատում եւ պարզաբանում ստանալու նպատակով։ Նա հավելել է, որ Մոսկվայի հետագա գործողությունները կախված են պաշտոնական պատասխանից:
«Զատուլինն ու Սիմոնյանն ավանդաբար հանդես են գալիս երկկողմ դաշնակցային հարաբերությունների ամրապնդման օգտին: Կարծում եմ՝ այդ մասով որեւէ կասկած չկա եւ չի կարող լինել: Նրանք հասարակական-քաղաքական գործիչներ են եւ ունեն իրավիճակի իրենց գնահատականը։ Չէի ցանկանա, որ այսօր արհեստական առիթներ ստեղծվեն, երբ Արեւմուտքը փորձում է սեպ խրել մեր եւ մեր դաշնակիցների միջեւ»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ խոսնակը: