ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վալդայ ակումբի լիագումար նիստում ասել է, որ Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է պայմանավորվել Ադրբեջանի հետ եւ նրան փոխանցել հինգ շրջան։ Ընդ որում՝ Ղարաբաղի հետ կապի համար թողնել երկու՝ Քելբաջարի եւ Լաչինի խոշոր շրջանները։ ՌԴ նախագահը շեշտել է, որ դա արդար կլիներ, կվերադառնային փախստականները, դա տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու լավ քայլ կլիներ։
«Հայաստանը փաստացի վերահսկում էր Ադրբեջանի յոթ շրջանները։ Մենք ասում էինք՝ եկեք շարժվենք հարաբերությունների կարգավորման հետեւյալ ուղղությամբ. կա երկու շրջան՝ Քելբաջարի եւ Հարավի, ինչ-որ փուլում պայմանավորվենք ադրբեջանական կողմի հետ՝ տալ այդ հինգ շրջանները։ Անիմաստ է, նրանք դատարկ են, մարդիկ գնացել են, փաստացի դուրս են եկել այդ տարածքից։ Ինչո՞ւ պահել դրանք»,- ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ ընդգծել է Վլադիմիր Պուտինը։ Նա շեշտել է, որ հայկական ղեկավարությունը գնաց իր ճանապարհով, ինչը հանգեցրեց այսօր ստեղծված իրավիճակին, եւ այժմ քննարկվում է կարգավորման եւ խաղաղության պայմանագրի հարցը:
Պուտինն ընդգծել է, որ խաղաղության պայմանագիրն անշուշտ անհրաժեշտ է: Եվ ՌԴ-ն աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների խաղաղ կարգավորմանը եւ սահմանային հարցի լուծմանը։ Նա նշել է, որ Հայաստանի եւ հայ ժողովրդի, Հայաստանի ղեկավարության գործն է, թե որ տարբերակը կընտրվի: ՌԴ նախագահը շեշտել է, որ խաղաղության հանգեցնող ցանկացած տարբերակի Ռուսաստանը կողմ է եւ չի կարող ու մտադիր չէ Հայաստանին ինչ-որ բան թելադրել:
Պուտինը պնդել է, թե Հայաստանին առաջարկվող Վաշինգտոնի տարբերակը ենթադրում է Ղարաբաղի ինքնիշխանության ճանաչում Ադրբեջանի կազմում։
«Եթե Հայաստանն այդպես է կարծում, խնդրեմ։ Մենք աջակցում ենք հայ ժողովրդի ցանկացած ընտրության։ Եթե Հայաստանի ղեկավարությունը կարծում է, որ Ղարաբաղն ունի իր առանձնահատկությունները, եւ դրանք պետք է քննարկել, ապա դա նույնպես հնարավոր է, բայց պետք է պայմանավորվել Ադրբեջանի հետ, որպեսզի ընդունելի լինեն նաեւ մյուս կողմի համար։ Դա բարդ եւ ծանր հարց է, բայց Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է»,- ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը նշել է, որ հաշվի առնելով նաեւ Ադրբեջանի շահերը` առաջնորդվելու են հենց Հայաստանի առաջարկածով։