Երեկ` մարտի 25-ին BBC լրատվական գործակալությունը տարածեց մի տեսանյութ, որում լրագրող Ջոնահ Ֆիշերը փորձելով գտնել Հադրութի շրջանի Մեխակավանի (Ջաբրայիլ) Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին, փոխարենը սրբավայրից հայտնաբերում է մի քանի քար միայն:
Լրագրողը փորձել է նկարահանել եկեղեցին, բայց դժվարացել է այն գտնել: Ուղեկցող ադրբեջանցի ոստիկանը որեւէ տեղեկություն չի տվել գտնվելու վայրի մասին: Ջոնահ Ֆիշերը համեմատել է եկեղեցու՝ իր ունեցած հին լուսանկարի տեղանքը եւ համոզվել, որ նույն տեղում են: Եկեղեցին հիմնահատակ ոչնչացվել է ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո: Ի դեպ, Սուրբ Աստվածածինը, որ 2017 թվականին էր օծվել, ադրբեջանցի զինվորականների կողմից պատերազմի ընթացքում եւս մեկ անգամ ենթարկվել էր վանդալիզմի:
ՀՀ ԱԳ նախարարությունը նույն օրը դատապարտեց Ադրբեջանի կողմից կրոնական ատելության հիմքով իրականացված հանցագործության հերթական դեպքը՝ նմանեցնելով այն Նախիջևանի պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացման հետ: «Վերջին պատերազմից հետո սրբավայրի ոչնչացման այս դեպքն առանձին դրվագ չէ »,- նշել է արտգործնախարարությունը՝ օրինակ բերելով Շուշի քաղաքի 200-ամյա «Կանաչ ժամ» եկեղեցու ավերումը եւ հավելելով, որ Ադրբեջանը քրիստոնեական ժառանգության ոչնչացման առաջամարտիկ է: ԱԳՆ-ն դիմել է միջազգային հանրությանը՝ հորդորելով օր առաջ միջոցներ ձեռնարկել շարունակվող հանցագործությունների, այդ թվում՝ մշակութային ցեղասպանության դադարեցման եւ դատապարտման ուղղությամբ:
Ադրբեջանի ԱԳ նախարարությունն այսօր արձագանքել է ՀՀ ԱԳՆ մեղադրանքներին, նշելով, որ դրանք անհիմն են, եւ որ Ադրբեջանը լուրջ է վերաբերում նման մեղադրանքներին: Ադրբեջանը հերքել է մշակութային որեւէ հանցագործության մասին ՀՀ ԱԳՆ պնդումները, հիշեցնելով իր «հանդուրժողականության եւ բազմամշակութայնության կենտրոն» լինելու մասին:
«Այսպես կոչված «անհետացումը» պետք է դիտարկել որոշակի կոնտեքստում: Տվյալ եկեղեցին կառուցվել է անօրինական, շուրջ 30 տարի Հայաստանի կողմից բռնազավթված տարածքում, որը մինչեւ 1993 թվականը բնակեցված էր բացառապես էթնիկ ադրբեջանցիներով»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Չի ուշացել նաեւ Ադրբեջանի մտավորականների հայտարարությունը: Դիմելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին, նրանք մտահոգություն են հայտնել, որ ՀՀ տարածքում ադրբեջանական ժառանգության իսպառ ոչնչացման վտանգ կա:
«Այսօր Հայաստանում չի մնացել ոչ մի ադրբեջանցի: ՀՀ իշխանությունները միտումնավոր ջնջում են ադրբեջանական հետքը, յուրացնում ադրբեջանական մշակութային ժառանգությունը: Գյուղերի անվանումները, տեղանունները փոխվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հեղինակները կոչ են արել պաշտոնական հարցում ուղարկել Հայաստանի կառավարությանը՝ ադրբեջանական մշակութային ժառանգության ներկայիս վիճակի մասին մանրամասն տեղեկատվություն տրամադրելու նպատակով, խնդրել են նաեւ փորձագիտական խումբ ուղարկել Հայաստան:
Պատրաստեց Անուշ Առաքելյանը