ՀՀ դատախազության մամուլի ծառայությունից հայտնել են, որ 2001 թվականի սեպտեմբերի 25-ին՝ 01:00-ի սահմաններում, «Առագաստ» սրճարանի զուգարանի միջանցքում Պողոս Պողոսյանին կյանքից զրկելու գործով դատաբժիշկներն այն ժամանակ ակնհայտ կեղծ եզրակացություն են տվել: Այդ եզրակացության փաստով հոկտեմբերի 26-ին քրեական վարույթ է նախաձեռնվել:
Այս գործով 2019-ին նոր երեւան եկած հանգամանքների հետեւանքով հարուցված վարույթի շրջանակում նշանակված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությամբ ստացված տվյալներով՝ Պողոսյանի դիակի զննությամբ հայտնաբերված մարմնական վնասվածքների մի մասի վերաբերյալ դիակի դատաբժշկական առաջնային փորձաքննություն կատարած փորձագետներ Շ.Գ.-ն եւ Գ.Հ.-ն չեն արձանագրել քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:
Հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ հերքվել են Պողոսյանի մահվան անմիջական պատճառ դարձած եւ կյանքի համար վտանգավորության հատկանիշով առողջությանը ծանր վնաս պատճառող մարմնական վնասվածքների առաջացման մեխանիզմի վերաբերյալ վերոնշյալ փորձագետների արած հետեւությունները:
Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ դատախազության Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալի հաղորդման հիման վրա՝ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 504-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության առնչությամբ կեղծ եզրակացություն տալը):