ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սագիբա Գաֆարովայի հետ ԱՊՀ երկրների Միջխորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի շրջանակում անցկացված հանդիպմանը հայտնել է, որ Մոսկվան կշարունակի միջնորդական ջանքերը Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման համար:
«Ռուսաստանը հանդես է եկել ու հանդես է գալիս որպես միջնորդ եւ աջակցություն կցուցաբերի, որ երկու պետությունները խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնեն», — շեշտել է Մատվիենկոն:
Դաշնության խորհրդի խոսնակը հիշեցրել է Վալդայի համաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքն առ այն, որ Ռուսաստանը կաջակցի ցանկացած որոշման, որը կնպաստի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը եւ իհարկե, այն պետք է հաշվի առնի երկու երկրների շահերը:
«Ե՛վ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը պետք է սահմանազատման եւ խնդրահարույց հարցերի վերաբերյալ լուծումներ գտնեն», — ասել է Մատվիենկոն: Նա հավելել է, որ այդ նպատակին հասնելու համար կօգտագործվի նաեւ խորհրդարանական գծով համագործակցությունը։