Եվրահանձնաժողովը հոկտեմբերի 28-ին հրապարակել է Եվրախորհրդարանին հասցեագրված «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի մասին» զեկույց, որում նշվում է, որ հակառակ հակառուսական պատժամիջոցներին՝ ՌԴ քաղաքացիները շարունակում են ակտիվորեն բիզնեսով զբաղվել ԵՄ անդամ երկրներում։
Զեկույցում նշվում է, որ Եվրոպայում ՌԴ քաղաքացիներին է պատկանում 31 հազար ընկերություն։ Այդ ընկերությունները հատկապես ակտիվ են շինարարության, անշարժ գույքի վաճառքի, հյուրանոցային բիզնեսի, ինչպես նաեւ ֆինանսական եւ էներգետիկ ոլորտներում։ Ընդ որում՝ 31 հազար ընկերություններից 1400-ը պատկանում է 33 ՌԴ քաղաքացու: Դրանք արդեն վաղուց ԵՄ պատժամիջոցային ցանկերում են։
Զեկույցի՝ ռուս-ուկրաինական պատերազմին վերաբերող գլխում ընդգծված է, որ հակառուսական պատժամիջոցային ցանկերում ընդգրկված անձանց ակտիվները սառեցնելու վերաբերյալ ԵՄ հաստատած միջոցառումները պատշաճ կերպով կատարելու համար հարկավոր է արդյունավետորեն իրականացնել տնտեսական թափանցիկության մասին ԵՄ ցուցումները։ Բացի դրանից՝ Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս բարելավել տեղեկատվության փոխանակությունը եւ համաչափորեն բացահայտել հարկերից թաքցված եկամուտները։
Փաստաթղթում նշված է, որ «փոստարկղ» ընկերությունների ստեղծումն ու գրանցումը դեռեւս համեմատաբար պարզ գործընթաց են, թեեւ այդ ընկերությունների միջոցով կարելի է ապահովել հարյուր միլիոնավոր եվրոների տեղաշարժ՝ ոչ թափանցիկ գործառնություններ իրականացնելով։ «Փոստարկղ» ընկերություններով հանցագործները կարող են թաքցնել ոչ միայն գումարների ծագումն ու դրանց տեղափոխման վայրը, այլեւ դրանց փաստացի տնօրինողների եւ շահառուների անունները։
Եվրահանձնաժողովի զեկույցում եզրակացվում է, որ թաքցված ֆինանսական միջոցները կարող են օգտագործվել ինչպես անձնական հարստացման, այնպես էլ երկրների ապակայունացման համար։
Պատրաստեց Արման Գրիգորյանը