Հոկտեմբերի 27-ին Անկարա կատարած պաշտոնական այցի շրջանակում Իսրայելի պաշտպանության նախարար Բեննի Գանցը հանդիպումներ է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի եւ ազգային պաշտպանության նախարար Աքարիի հետ։ Այնուհետեւ օդանավակայանում պատասխանել է թուրք լրագրողերի հարցերին, հաղորդում է Sabah պարբերականը։
Գանցը կարեւորել է Թուրքիայի դերը տարածաշրջանի կայունության հարցում. «Թուրքիան եւ Իսրայելը վստահության հետ կապված մի շարք փորձությունների միջով են անցել։ Սակայն համոզված եմ, որ պաշտպանական ոլորտում մեր հարաբերությունների վերականգնումն իր ներդրումը կունենա Միջին Ասիայում կայունության եւ անվտանգության ապահովման հարցում»։
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է, որ հրահանգներ է տվել իր աշխատակազմին Թուրքիայի հետ հարաբերությունների շարունակականությունն ապահովելու, երկխոսության ուղիները մշտապես բաց պահելու համար։ «Իսրայելը կարծում է, որ Թուրքիան տնտեսական ու պաշտպանական ոլորտներում համաշխարհային դերակատար է։ Երկու երկրների պաշտպանության նախարարների մակարդակով առաջին հանդիպումը մեզ ցույց տվեց համագործակցության հնարավոր ուղիները։ Դեռեւս որեւէ նախագծի շուրջ հստակ չենք խոսել, սակայն հետագա համագործակցությունների փաթեթի շրջանակում սա եւս կքննարկվի»,- հավելել է Գանցը։
Հիշեցնելով Թուրքիայի եւ Իսրայելի տեսակետների տարբերությունը Պաղեստինի հարցում՝ Գանցը նախ նշել է, որ հասկանում են Թուրքիայի մտահոգությունները, ու հավելել, որ երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը զուգահեռ կփորձեն հարթել այս տարակարծությունը։