ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ խորհրդի առցանց նիստում հայտարարել է, որ Ռուսաստանը պատմականորեն աջակցել է բարեկամ հայ ժողովրդին անվտանգության ապահովման առումով։ Անդրադառնալով հայ-ադրբեջանական կարգավորմանը, Պուտինը նշել է, որ ներկայում էլ ՌԴ-ն անում է հնարավորը Երեւանի ու Բաքվի միջեւ համակողմանի ու համընդգրկուն կարգավորման համար։
«Մենք հսկայական կապեր ունենք ե՛ւ Երեւանի, ե՛ւ Բաքվի հետ, եւ դա հաշվի չառնելը պարզապես անհնար է։ Իհարկե, բոլորս բավականին ծանր վիճակում ենք։ Բայց չենք կարող անմասն մնալ Ռուսաստանին մոտ գտնվող պետությունների խնդիրներից ու հակասություններից եւ միշտ պատրաստ ենք նպաստել դրանց խաղաղ կարգավորմանը»,– շեշտել է Պուտինը։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Անդրկովկասում խաղաղության ու կայուն զարգացման հաստատմամբ։ Ըստ Պուտինի՝ խաղաղության միակ հնարավոր եւ իրատեսական ճանապարհը, ըստ նրա, կարող է լինել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունների բոլոր դրույթների խստագույնս պահպանումը։
ՌԴ նախագահը նշել է, որ սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եւ հումանիտար խնդիրների լուծման վերաբերյալ պայմանավորվածությունների հետեւողական իրականացումը կնպաստի հասնելու երկարատեւ եւ կայուն խաղաղության։