Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ հեռավար նիստ, որի ժամանակ քննարկվել է սեպտեբերի 13-ից հետո Հայաստան ուղարկված առաքելության արդյունքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ներկայացրած զեկույցը:
Փաշինյանը նշել է, որ զեկույցը մեծապես արտահայտում է առկա իրողությունները, մասնավորապես ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման փաստը եւ դրա կրկնության վտանգը, ինչպես նաեւ ադրբեջանական ուժերի՝ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը:
ՀՀ վարչապետն անդրադարձել է նաեւ ՀԱՊԿ արձագանքի շուրջ Հայաստանի ակնկալիքներին` եւս մեկ անգամ ընդգծելով ադրբեջանական ագրեսիային ՀԱՊԿ-ի՝ հստակ քաղաքական գնահատական տալու եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ ճանապարհային հստակ քարտեզի ձեւավորման անհրաժեշտությունը:
Նիստի արդյունքներով ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարներին տրվել է որոշման նախագիծը համաձայնեցնելու հանձնարարական:
ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստին մասնակցել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
Բելառուսի փոխարտգործնախարար Յուրի Ամբրազեւիչը հայտնել է, որ նոյեմբերի վերջին անցկացվելիք ՀԱՊԿ անվտանգության խորհուրդը լրացուցիչ կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հարցը։