Եվրոպական միության Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում Երեւանի քաղաքապետարանը հոկտեմբերի 28-ին «Կայուն տեխնոլոգիաներ» խորագրով էքսպո-ցուցահանդես էր կազմակերպել:
Վերականգնվող էներգետիկայի ոլորտում գործունեություն ծավալող, ջերմամեկուսիչ եւ ջրամեկուսիչ նյութեր, էներգաարդյունավետ լամպեր ու լուսատուներ արտադրող եւ առաջարկող ընկերությունները հանրությանը ներկայացել էին իրենց արտադրանքի նմուշներով: Տեղեկատվական թերթիկների ու զրույցների միջոցով նրանք ներկայացնում էին էներգաարդյունավետության եւ էներգախնայողության «կանաչ» լուծումներ, պարզաբանում կենցաղում դրանց կարեւորությունն ու անհրաժեշտությունը:
Առավելապես ներկայացված էին արեւային էներգիայի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունները. Հայաստանում դրանց թիվը ներկայում յոթ տասնյակից ավելի է: Նրանք ցուցադրում էին ինչպես մեր երկրում արտադրվող, այնպես էլ ներկրվող արտադրանքներ: Արեւային ֆոտովոլտային կայանների վերամշակման վերաբերյալ «Սոլարոն» ընկերության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ ընկերությունը քայլեր է ձեռնարկում հնարավորինս էժան եւ էներգաարդյունավետ վերամշակող արտադրություն հիմնելու ուղղությամբ, որին հասնելու նպատակ ունեն առավելագույնը յոթ տարում:
Երեխաների համար նախատեսված անկյունում էլ մանուկները կարող էին բազմերանգ գույներով թղթին հանձնել էներգախնայողության ու բնության պահպանության մասին իրենց պատկերացումները:
Կայուն էներգիայի եվրոպական շաբաթը (EUSEW) Եվրոպայում վերականգնվող էներգիային եւ էներգաարդյունավետությանն ուղղված ամենամեծ ամենամյա միջոցառումն է եւ ներառում է Եվրոպայի համար անվտանգ էներգետիկ ապագա կառուցելուն ուղղված մի շարք միջոցառումներ: Բրյուսելում միջոցառումը մեկնարկել է սեպտեմբերի վերջին, բայց աշխարհի տարբեր երկրներում տեղական մակարդակում «Կայուն էներգիայի օրեր» տեղի են ունենում հունիսից սկսած:
Երեւանում միջոցառման հիմք է ծառայել նաեւ Եվրոպական միության դրամաշնորհի միջոցով եւ քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ իրականացված «ԵՄ-ն Երեւանի համար. Արեւային համայնք» ծրագիրը: Նախատեսած 90-ի փոխարեն ծրագրով արդեն 97 շենք արեւային ՖՎ համակարգ ունի Երեւանում: Դրանց արտադրած էներգիան սնուցում է վերելակները, լուսավորում ընդհանուր օգտագործման տարածքները՝ շքամուտքերը, հարկային ու միջհարկային հարթակները, աստիճանավանդակները: Ըստ հաշվարկների՝ ընդհանուր օգտագործման տարածքների էլեկտրաէներգիայի սպառման դիմաց բնակիչների ամսական ծախսն առնվազն 50 տոկոսով նվազել է:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։