Եթե հավատանք տեղեկատվական արտահոսքերին, գոյություն ունի հայ-ադրբեջանական կարգավորման «երկու՝ ռուսական եւ ամերիկա-եվրոպական ծրագիր»։ Առաջինը ենթադրում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը հարաբերությունների կարգավորման պայմանագիր են ստորագրում, անցկացնում սահմանազատում, բացում հաղորդուղիները՝ համաձայնելով, որ «կա Լեռնային Ղարաբաղի խնդիր, եւ այդ հարցի շուրջ ապագայում բանակցություններ կսկսվեն»։ Ամերիկա-եվրոպական տարբերակով առաջարկվում է, որ ստեղծվի «Բաքու-Ստեփանակերտ քննարկումների միջազգային մեխանիզմ, որպեսզի քննարկվեն ԼՂ էթնիկ հայ համայնքի անվտանգության եւ իրավունքների ապահովման հարցերը»։
Ըստ էության՝ այս երկու «նախագծերը» Բաքվի համար անընդունելի են։ Դա են վկայում Իլհամ Ալիեւի հայտարարությունները, որ իրենք չեն պատրաստվում որեւէ երրորդ կողմի հետ քննարկելու «Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության եւ իրավունքների հարցերը»։ Որոշ տեղեկություններով՝ Իլհամ Ալիեւը դեռեւս չորս-հինգ ամիս առաջ է մերժել «պայմանագրի ռուսական տարբերակը»։ Ոչ մի պատրանք, հավանաբար, չպետք է ունենալ, թե հոկտեմբերի 31-ի Սոչիի եռակողմ հանդիպմանը «ճեղքում կարձանագրվի»։ Ադրբեջանը շատ կոշտ մերժել է նաեւ Ֆրանսիայի միջնորդությունը, իսկ նրա ռազմավարական դաշնակից Թուրքիան՝ քննադատել ԵԱՀԿ-ին՝ հայ-ադրբեջանական սահման «գնահատողական խումբ» գործուղելու համար։
Այս «պատային իրավիճակում» չափազանց ուշագրավ է, որ հոկտեմբերի 24-ին Ֆրանսիայի նախագահ Մակրոնը մոտ մեկ ժամ բանակցություններ է վարել Կաթոլիկ եկեղեցու հովվապետի հետ։ Ըստ տեղեկությունների՝ Մակրոնը Հռոմի պապին խնդրել է հեռախոսազրույցներ ունենալ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահների, ինչպես նաեւ Ռուս ուղղափառ եկեղեցու Պատրիարքի հետ՝ նախաձեռնելու ուկրաինական կարգավորման բանակցություններ։ Գաղափարը դրական է գնահատվել թե՛ Մոսկվայում, թե՛ Վաշինգտոնում։ Միաժամանակ, ինչպես իրազեկ աղբյուրներին է հայտնի դարձել, Մակրոնը եւ Հռոմի պապը քննարկել են նաեւ «կովկասյան իրավիճակը»։
Regnum-ի մեկնաբանը, արձանագրելով «Ֆրանսիայի նախագահի եւ Հռոմի պապի բանակցություններում կովկասյան թեմայի ներմուծումը» եւ նկատել տալով հայ-ադրբեջանական հարաբերություններում Ֆրանսիայի միջնորդությունը, հնարավոր քննարկումները համադրել է Վատիկան Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցին։ Քառասունչորսօրյա պատերազմից հետո Ադրբեջանը Վատիկանում դեսպանություն բացելու որոշում է ընդունել։ Ավելի վաղ Իլհամ Ալիեւը Մեհրիբան Ալիեւայի բարեգործական հիմնադրամի միջոցով մասնակցել է Վատիկանում պատմամշակութային հնությունների վերականգնմանը։
Հայ-ադրբեջանական հարաբերություններում «փորձաքար» է Արցախի քաղաքակրթական ինքնության հարցը։ Ալիեւի հրամանագրով ստեղծվել է «Ուդի-աղվանական քրիստոնեական համայնք»։ Անցած երկու տարում այդ «կրոնական կառույցի» ներկայացուցիչները մի քանի ծիսական արարողություն են կազմակերպել օկուպացված տարածքներում։ Մամուլում տեղեկություններ կան, որ «Ուդի-աղվանական եկեղեցու» ճանաչման հարցով Ադրբեջանը բանակցություններ է վարում Հունաց տիեզերական Պատրիարքի, Վատիկանի եւ Ռուս ուղղափառ եկեղեցու հետ։ Ինչ հանգրվանում են քննարկումները՝ տեղեկություն չկա։ Խնդրին հրապարակային չի արձագանքում նաեւ Հայ առաքելական եկեղեցին։
Հնարավո՞ր է, որ Վատիկանը եւ Ռուս ուղղափառ եկեղեցին որեւէ համաձայնության գան Արցախի էնթիկ-քաղաքակրթական եւ կրոնական ինքնության հարցում, Հայ առաքելական եկեղեցին ներգրավվա՞ծ է գործընթացում։ Քառասունչորսօրյա պատերազմից հետո Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի հանդիպում, որին մասնակցել է նաեւ ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդը։ Ակնհայտ է, որ սկզբունքային ոչ մի համաձայնության կողմերը չեն եկել։ Ադրբեջանի համար խիստ սկզբունքային է հասնել նրան, որ Արցախի հոգեւոր-քաղաքակրթական ինքնությունը ճանաչվի «ոչ հայկական»։
2017 թվականին Արցախի սահմանադրության նախագծի վերաբերյալ առաջարկություններից մեկն այն էր, որ հանրապետությունը կոչվի «քրիստոնեական»։ Պատահականությո՞ւն էր, թե՞ դեռեւս այն ժամանակ էր քաղաքակրթական ինքնության ընդգծումը՝ բարդ է ասել։ Բայց ինչո՞ւ է Regnum-ի մեկնաբանը մտասեւեռվել Ֆրանսիայի նախագահի եւ Հռոմի պապի բանակցություններից հետո Վատիկան Հայաստանի արտգործնախարարի այցի վրա։
Կարելի՞ է ենթադրել, որ «Ղարաբաղի էթնիկ հայերի անվտանգության եւ իրավունքների» հարցով «բանակցությունների միջազգային մեխանիզմ ստեղծելու» ամերիկա-եվրոպական առաջարկը ներառում է նաեւ կրոնական բաղադրիչը։ Եթե ոչ, ապա ի՞նչ կտրվածքով է Ֆրանսիայի նախագահը Հռոմի պապի հետ քննարկել «կովկասյան իրավիճակը», ինչո՞ւ է դրան հետեւել Հայաստանի արտգործնախարարի այցը Վատիկան, որտեղ նա քննարկումներ է ունեցել նաեւ Մալթայի ուխտի ներկայացուցիչների հետ։ Եթե հիշողությունս չի դավաճանում, 2000-ականների սկզբին Մալթայի ուխտի դեսպանը կարճատեւ այց է կատարել Ստեփանակերտ։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։