Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտնել է, որ սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով Գեղարքունիքի մարզից տեղահանված բնակիչների 80 տոկոսն արդեն վերադարձել են իրենց տներ։ Նա նշել է, որ ներկա պահին Սոթքում վերականգնվում են վնասված տները։ Իսկ տները, որոնց վնասները գնահատվել են, արդեն վերականգնվել են։ Ըստ մարզպետի՝ ամբողջությամբ փլուզված տների վերականգնումը դեռ չի սկսվել, բայց լուծվել է այդ ընտանիքների վարձակալության խնդիրը:
Սարգսյանը հավելել է, որ մարզում ամբողջովին վնասվել է 8 բնակարան, եւ իրենց տները չվերադարձած բնակիչները վստահեցրել են` որոշ ժամանակ անց վերադառնալու են։
Գեղարքունիքի մարզպետը նշել է նաեւ, որ վերջին օրերին մարզ այցելած ԵԱՀԿ դիտորդները, որոնք տեսել են ռմբակոծության հետեւանքները, լիովին տեղյակ են ստեղծված իրավիճակին։