Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ այն խոսակցությունները, թե կա խաղաղության պայմանագրի երկու ծրագիր` արեւմտյան եւ ռուսական, եւ հայկական կողմը մերժում է ռուսական առաջարկը, իրականության հետ կապ չունեն։ Նա հաստատել է, սակայն, որ Արցախի հարցում կան ռուսական եւ արեւմտյան ընկալումներ, եւ ՀՀ-ն համաձայնել է ռուսական ընկալման հետ։
«2021-ի հունվարին ՌԴ-ի հետ սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այդ պայմանավորվածությունների անկյունաքարային դրույթը եղել է այն, որ Ռուսաստանը Հայաստանի եւ ԼՂ-ի անվտանգության երաշխավորն է, եւ մենք պայմանավորվել ենք այդ սցենարի եւ պլանի շուրջ։ Այդ պլանը ներկայացվել է ՀՀ-ին 2022 թվականի օգոստոսին»,- նշել է Փաշինյանը։
ՔՊ 6-րդ համագումարի ժամանակ Փաշինյանը հայտնել է նաեւ, որ պատրաստ է Սոչիում ստորագրելու ՌԴ-ի ներկայացրած տասնհինգ կետերի հիման վրա համաձայնության հասնելու փաստաթուղթը, որը պետք է հիմք ընդունել ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման համար։
Նա հավելել է, որ Հայաստանում ուզում են՝ ռուս խաղաղապահները շարունակեն իրենց գործունեությունը, եւ պատրաստ է Սոչիում ստորագրելու փաստաթուղթ, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում առանց պայմանների երկարացվի 10, 15, 20 տարով։
Փաշինյանը նշել է, որ այդ առաջարկով հանդես կգա, բայց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է պաշտպանի այդ առաջարկը։