Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) այսօր ազդարարեցին «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» քառամյա ծրագրի մեկնարկի մասին: Ծրագիրն իրականացվելու է ՀՀ շրջակա միջավայրի (ՇՄ) եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարությունների, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի համատեղ ուժերով՝ Շվեդիայի ֆինանսական եւ խորհրդատվական աջակցությամբ:
Թեեւ աշխարհում թափոնները կարեւոր ռեսուրս են համարվում, Հայաստանում դրանց մեծ մասը հայտնվում է աղբավայրերում, մի փոքր քանակ է միայն վերամշակվում:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2021 թվականին հանրապետությունում առաջացել են 88 միլիոն 736 հազար տոննա թափոններ, որոնց 55,4%-ը տեղափոխվել է թափոնակուտակիչներ: Սրա զգալի մասը արտադրական թափոններն են:
Կազմակերպված աղբահանություն իրականացնող համայնքների տրամադրած ամփոփ տեղեկատվության համաձայն՝ 2021-ին համայնքային աղբավայրեր են տեղափոխվել ավելի քան 487 հազար տոննա կոշտ կենցաղային թափոններ: Այսինքն՝ հանրապետության յուրաքանչյուր բնակչի հաշվով համայնքային աղբավայրերը տարեկան համալրվում են 164,5 կիլոգրամ աղբով:
Մինչդեռ այդ զանգվածի մեջ կան նաեւ պիտանի նյութեր, թափոններ, որոնք կարելի էր վերամշակել ու վերօգտագործել, այսպես կոչված շրջանաձեւ տնտեսության բաղադրիչ դարձնել:
Արդեն քանի տարի է՝ Կառավարությունն իրականացնում է «Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը»: Նախատեսվում է այս տարեվերջին կամ մյուս տարվա սկզբին ավարտել ծրագրով մեկնարկած շինարարական աշխատանքները: Այսինքն՝ շահագործման կհանձնվի աղբավայրը, ձեռք կբերվեն անհրաժեշտ սարքավորումները: Այս ծրագրում եւս կա շվեդական կողմի մասնակցությունը: Խորհրդատուները աղբահանության սխեմաներն են գծում: Այս մասին տեղեկացրեց ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, որ ներկա էր թափոնների կառավարման քաղաքականության ծրագրի մեկնարկի միջոցառմանը:
«Կոտայք-Գեղարքունիք ծրագրում մեծ շեշտ չենք դրել տեսակավորման ու պատասխանատվության էլեմենտների վրա, հիմնական ռեսուրսը կենտրոնացրել ենք թափոնների հավաքման ու տեղաբաշխման լոգիստիկայի վրա՝ ենթադրելով, որ դրանից հետո տեսակավորման, վերամշակման, ժամանակակից տարբեր մոտեցումների առումով նախաձեռնություններ կլինեն: Այս ծրագիրը կօգնի գործնական լուծումներ գտնելու եւ ճիշտ ու ժամանակին կլրացնի այն համակարգային լուծումները, որ կան Կոտայք-Գեղարքունիք ծրագրում»,- ասաց պարոն Տերտերյանը:
Հաշվի առնելով Շվեդիայի կառավարության հետ երկարամյա հաջողված համագործակցությունը, ինչպես նաեւ Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ իրականացված բազմաթիվ հաջողված ծրագրերը եւ ուսումնասիրությունները՝ վստահ է, որ ծրագիրը կհաջողի։
Շվեդիայի կողմից ֆինանսավորվող քառամյա ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի թափոնների կառավարման ոլորտը՝ բարձրացնելով թափոնների էկոլոգիապես համահունչ կառավարման կարողությունները երեք հիմնական բաղադրիչների միջոցով:
Շահակիրներից շրջակա միջավայրի նախարարությունն աջակցություն կստանա երկրում արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման գործում, որը ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի պահանջ է:
«Թափոնների կառավարումը բնապահպանական օրակարգի եւ շրջանաձեւ տնտեսության կարեւորագույն բաղադրիչներից է»,- իր ելույթում նշեց շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը։ Նա տեղեկացրեց նաեւ, որ նախարարությունը շարունակական աշխատանք է տանում ոլորտում, որոնցից մեկը պլաստիկ տոպրակների վերաբերյալ որոշումն է, որը, սակայն, վերջնական չէ, շուտով առհասարակ կարգելվի դրանց օգտագործումը: Նա նաեւ շեշտադրեց, որ կտրուկ անցումները կարող են խոցել արտադրողին, ուստի զուգահեռ աշխատանք են տանում նաեւ մասնավոր հատվածի հետ, որպեսզի նրանք եւս շահագրգիռ լինեն եւ պատասխանատվություն ստանձնեն:
Ծրագրի երկրորդ բաղադրիչով ՏԿԵ նախարարությունը Սեւան քաղաքում եւ այլ համայնքներում սկզբնական փուլում թափոնների տարանջատման համակարգ ներդնելու հնարավորություն կունենա:
Սեւան քաղաքը պատահաբար չի ընտրվել: Այն հանրապետությունում ակտիվորեն իրականացվող մեծ ծրագրերի կիզակետում է: Շարժառիթ է նաեւ այն, որ տարածաշրջանում ամառային զբոսաշրջության ժամանակ մեծ են շրջակա միջավայրի վրա ճնշումներն ու վտանգները: Հենց այստեղ կփորձարկվեն ծրագրի բոլոր տեսական ու պիլոտային լուծումները:
Աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը տեղեկացրեց, որ համայնքում դեռ տարիներ առաջ «Ուրբան» հիմնադրամը տեսակավորման ուղղությամբ աշխատանք է տարել, եւ պարարտ հող կա այս ծրագրի իրականացման ու ձեռք բերածը զարգացնելու համար: Թափոնների տեսակավորման եւ առհասարակ ծրագրի հաջողության առումով նա կարեւորեց բնակիչների դերը:
«Ճիշտ է, ծրագիրը պիլոտային է, բայց ակնկալում ենք, որ տեսանելի արդյունք կունենանք եւ, չորս տարի անց հանդիպելով, կկարողանանք ասել, որ Սեւան համայնքն այս առումով ներկայանալի է»,- ասաց տիկին Ղուկասյանը:
ՀԱՀ նախագահ Կարին Մարկիդեսը նոր գաղափարի, նոր մշակույթի ներդրման գործում կարեւորեց նաեւ ուսանողների ներգրավման հարցը:
Ծրագրի երրորդ բաղադրիչն ուղղված է ոլորտի կարողությունների զարգացմանն ու մյուս համայնքներում արդյունքների տարածմանը: Սակայն տեսակավորման աղբարկղեր ու աղբահաններ ձեռք կբերվեն միայն Սեւանի համար:
Ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը վստահ է. «Եթե որեւէ համայնք պատրաստ լինի այս համակարգին անցնելու, դոնորներ կամ ներդրողներ հաստատ կգտնվեն»:
Տեղեկացնենք, որ Շվեդիան թափոնների կառավարման ոլորտում աշխարհի առաջատար երկրներից է: Ամբողջ երկրում ներդրված են թափոնների տեսակավորման ու վերամշակման կայուն լուծումներ: Այստեղ յուրաքանչյուր համայնքապետարան պարտավոր է ապահովել, որ կենցաղային աղբը տեղափոխվի եւ վերամշակվի: Մասնավորապես համայնքային իշխանությունները պատասխանատու են մնացորդային եւ օրգանական թափոնների, սննդի մնացորդների, կենցաղային վտանգավոր թափոնների համար:
Մյուս թափոնները արտադրողների ընդլայնված պատասխանատվության ներքո են: Այսինքն՝ յուրաքանչյուր արտադրող ինքն է հոգ տանում, որ իր օգտագործած տարաները, փաթեթավորման նյութերը, ժամկետը սպառած կամ մաշված (հնացած ավտոմեքենա-անվադող, մարտկոց, յուղ, այլ) իրերը վերօգտագործվեն կամ վերամշակվեն:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։