ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն ադրբեջանական «Թուրան» գործակալության Վաշինգտոնի թղթակցին տված հարցազրույցում հոկտեմբերի 27-ին «Վալդայ» ակումբում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնչեցրած ելույթի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամերիկյան ծրագրին վերաբերող հատվածն ապատեղեկատվություն է անվանել։
Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչն ուղիղ կերպով չի պատասխանել ՝ գոյություն ունի՞ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ամերիկյան նախագիծ, թե՞ ոչ։ Փրայսը միայն նշել է, որ Միացյալ Նահանգները 1991-ից ի վեր միանշանակորեն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի ինքնիշխանությանն ու անկախությանը։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ անդրադառնալով Սոչիում հոկտեմբերի 31-ին տեղի ունենալիք եռակողմ բանակցություններին՝ Նեդ Փրայսը նշել է, որ ՌԴ միջնորդությամբ կազմակերպվող բանակցություններին մասնակցելը Երեւանի եւ Բաքվի ընտրությունն է։ Նա հավելել է, որ մտադիր չէ մեկնաբանել ՌԴ-ի ձեռնարկած ջանքերը։
«Կարծում եմ, սակայն, որ աշխարհը հիանալի տեղյակ է, որ Ռուսաստանը չի հարգում իր հարեւանների ինքնիշխանությունը։ Դա են վկայում 2008 թվականի ներխուժումը Վրաստան եւ ներկայիս արյունալի ներխուժումը Ուկրաինա»,- հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակը։