ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է լարվածության նվազեցման վերաբերյալ զրույց սկսելու Արեւմուտքի հետ, սակայն միայն այն դեպքում, երբ սկսեն իրատեսական առաջարկներ հնչել։
Դրանք, ըստ Լավրովի, պետք է հիմնված լինեն իրավահավասարության եւ հետաքրքրությունների մասով փոխադարձ հարգանքի վրա՝ միտված տարածաշրջանում բոլոր երկրների շահերի փոխզիջումների եւ հավասարակշռության որոնմանը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ի ցանկությունը՝ լսելու անվտանգությանը վերաբերող Ռուսաստանի մտահոգությունները, կարող էր հարթակ դառնալ երկրների առաջնորդների՝ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի զրույցի համար:
Դեռ 2021-ի դեկտեմբերին ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի եւ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդի հանդիպման ժամանակ Ռուսաստանը պաշտոնապես ԱՄՆ-ին է փոխանցել երկու փաստաթուղթ` պայմանագիր եւ համաձայնագիր: Առաջարկվող փաստաթղթերը ներառում են անվտանգության երաշխիքների մասին Ռուսաստանի գաղափարները։
Ավելի ուշ ամերիկյան պատվիրակության ղեկավար, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը Ժնեւում հունվարի 11-ին մոտ ութ ժամ տեւած ռուս-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպումից հետո հայտարարել է, որ Սպիտակ տունը մերժում է Կրեմլի պահանջները ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը կանխելու հարցով: