«Եվրամիությունը կոչ է անում Ռուսաստանին վերանայելու «պարենային գործարքին» մասնակցության կասեցման մասին որոշումը»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը:
Նախօրեին Ռուսաստանի ՊՆ-ից հայտնել են, որ Սեւաստոպոլի ջրատարածքում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով ռուսական կողմը դադարեցնում է մասնակցությունը Ուկրաինայի նավահանգիստներից գյուղատնտեսական ապրանքների դուրսբերման համաձայնագրերի իրականացմանը։
Հոկտեմբերի 29-ի վաղ առավոտյան, ըստ ռուսական կողմի, Կիեւը գրոհել է Սեւծովյան նավատորմի եւ քաղաքացիական նավերի վրա: Հարձակման ենթարկված նավերն ու ենթակառուցվածքներն օգտագործվում էին մարդասիրական երթուղու գործունեության՝ Ուկրաինայից գյուղատնտեսական արտադրանք արտահանելու համար։
Հուլիսի 22-ին Ժոզեպ Բորելն իր թվիթերյան գրառման մեջ նշել էր, որ Ստամբուլում Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի եւ ՄԱԿ-ի մասնակցությամբ ստորագրված Սեւ ծովի ափերից միջազգային շուկա հացահատիկի արտահանման վերաբերյալ համաձայնագիրը քայլ է դեպի ճիշտ ուղղություն։