Սահմանադրական դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը (սահմանադրական կարգի տապալում), որով մեղադրանք էր առաջադրված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ճանաչել է հակասահմանադրական եւ անվավեր։
Հոդվածի սահմանադրականությունը քննվում էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա:
ՍԴ նախագահ Արմեն Դիլանյանը հայտարարել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչվել է Սահմանադրության 78-րդ, 79-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր: Սույն որոշումը վերջանական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը նշել է, որ հատուկ կարծիք ունի պատճառաբանական մասին վերաբերյալ:
«Սահմանադրական դատարանի որոշման ուժով արդեն իսկ բոլոր ակտերը, որոնք վերաբերում են 300.1 հոդվածին, ընդունման պահից ի վեր ուժ չունեն, եւ ենթակա են վերանայման 2009 թ․ սկսած։ Քրեական օրենսգրքում այլեւս 300.1-րդ հոդված չկա, եթե չկա հոդված, չկա հանցանք։ Սա քրեական օրենսգրքի պարզ տրամաբանությունն է»,- նշել է Քոչարյանի ներկայացուցիչ Վարդեւանյանը։