Օրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անթաքույց եւ առանց սեթեւեթանքի հայտարարություններ է արել Հայաստանի եւ ՀՀ իշխանությունների հասցեին, որոնք կարելի է որպես սպառնալիք որակել։
Կարող ենք փաստել, որ Հայաստանն արդեն ուղղակի զգուշացումներ է ստանում իր դաշնակցից՝ Ռուսաստանի նախագահից, թե ինչ կարող է լինել, եթե չշարժվենք իր առաջարկների տրամաբանությամբ։ ՌԴ նախագահը, մասնավորապես, ասում է. «…Անկասկած, խաղաղության միակ հնարավոր եւ իրատեսական ճանապարհը կարող է լինել այն ուղին, որը սահմանվում է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հայտնի համատեղ հայտարարությունների բոլոր դրույթների խստիվ պահպանմամբ»։ Եվ պնդում, որ բանակցային գործընթացի նախորդ փուլերում Հայաստանն է եղել ոչ կառուցողական կողմը, ինչի հետեւանքով ստացել է պատերազմ եւ տարածքային կորուստներ։
Վլադիմիր Պուտինի՝ ՀՀ «անցյալը» հիշեցնելը, թե՝ դուք ինքներդ չեք ընտրել խաղաղության (իմա՝ 5 տարածքներ հանձնելու եւ կարգավիճակը հետաձգելու) տարբերակը, եւ դա է հանգեցրել ներկա վիճակին՝ պատերազմի արդյունքներին, արդեն իսկ պատասխանատվության խեղման ու մեղավորների դաջման քայլ է։
Քայլ՝ ուղղված 44-օրյա պատերազմի ամբողջ պատասխանատվությունը ՀՀ-ի վրա «թողնելուն»։ Եվ հիմա էլ նույն տոնով շարունակելը, թե՝ ձեր ընտրությունն է՝ ինչ տարբերակ եք ուզում, ուղղակի ակնարկ է, որ եթե այս մեկ ընտրությունն էլ ռուսական ծիրի մեջ չլինի, ապա, տրամաբանորեն, գուցե նման հետեւանքներ լինեն։
Դրան գումարվեց նաեւ ՀԱՊԿ նիստում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մեղադրանքը ՀՀ իշխանությունների հասցեին. «…հարց բարձրացնել, թե մի կողմից ՀԱՊԿ-ն է, մյուս կողմից՝ Ադրբեջանը, չի կարելի, դա ճիշտ չէ։ Այսօր Ադրբեջանը գլխավորում է բացարձակապես մեր մարդը՝ Իլհամ Ալիեւը։ …Դուք պահանջեցիք, որ մենք հայտնենք մեր դիրքորոշումը։ Դուք չգիտե՞ք մեր դիրքորոշումը։ Մենք ցանկանում ենք, որ հարեւան պետությունների միջեւ հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով։ Ես ձեզ անմիջապես կպատասխանեմ՝ նստեք, խոսեք Իլհամ Ալիեւի հետ, եթե հարկավոր է, խնդրեք Ռուսաստանի նախագահին եւ որոշում կայացրեք։ Չկայացնեք այսօր, վաղն ավելի վատ կլինի»։
Իհարկե, միամտություն է կարծել, որ Ռուսաստանը իր դաշնակից Ադրբեջանի շահերը, այն էլ հիմա՝ ուկրաինական պատերազմի ֆոնին, ստորադասելու է կամ հավասար է դիտարկելու ՀՀ-ի շահերին։ Եվ փաստ է, որ այն, ինչ չի ասում Պուտինը, ասում է Լուկաշենկոն՝ ավելի անթաքույց եւ սանձարձակորեն։
Այդ ամենին հետեւեց վարչապետ Փաշինյանի ուղղակի առաջարկը Ռուսաստանին՝ պատրաստակամությամբ ընդունելու կարգավորման ռուսական տարբերակը, երկարաձգելու ՌԴ խաղաղապահների մանդատը Արցախում, բայց մոռանալ «միջանցքի» մասին՝ փոխարենը Ռուսաստանից պահանջելով կատարել իր դաշնակցային պարտավորությունները՝ ՀՀ սուվեներության ու տարածքային ամբողջականության պահպանման ու նոյեմբերի 9-ի պայմանագրի դրույթների խստորեն պահպանմամբ։
Փաշինյանը ՔՊ համագումարի իր ելույթում հայտարարեց. «ՀՀ-ն ռուսական ընկալման հետ համաձայնել է: Եվ մենք պայմանավորվել ենք այդ սցենարի ու պլանի շուրջ: Այդ պլանն աշխատանքային ռեժիմով ներկայացվել է Հայաստանի Հանրապետությանը 2022 թվականի օգոստոսին: Երկուշաբթի օրը Սոչիում կայանալիք հանդիպմանը ես պատրաստ եմ պաշտոնապես արդեն ընդունել, եթե անհրաժեշտ է՝ եռակողմ հանդիպման ֆորմատով ստորագրել այդ 15 կետերի հիման վրա համաձայնության հասնելու փաստաթուղթը: Այսինքն՝ այդ փաստաթուղթն ընդունել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման հիմք»:
Մի կողմից արդարացի են ՀՀ հասցեական պահանջները Ռուսաստանից եւ Ադրբեջանից։ Ռուսաստանը դե յուրե եւ դե ֆակտո խոստացել էր, որ եթե Հայաստանը առանց մի կրակոցի վերադարձնի Քարվաճառը եւ Լաչինը, ապա ադրբեջանական զինուժը մեկ սանտիմետր նույնիսկ առաջ չի շարժվի։ Սակայն դրա դիմաց մենք ստացանք Սեւ լճի, Խծաբերդի, Հին Թաղերի ագրեսիան, Ադրբեջանն այդպես էլ չվերադարձրեց հայ գերիներին, ավելին՝ առաջ եկավ մինչեւ Ջերմուկ եւ հիմա էլ սպառնում է, որ կգրավի ինչ-որ «միջանցք» եւ սեփական ուժերով կապ կհաստատի Նախիջեւանի հետ։
Դրա դիմաց մենք ռուսական կողմից ստացանք կա՛մ լռություն, կա՛մ մեղադրանքներ, որ այդ ագրեսիայի մեղավորը կրկին Հայաստանն է, որը չի իրականացրել դելիմիտացիա եւ դեմարկացիա եւ որ Մեղրիով ճանապարհ չի տալիս Ադրբեջանին։
Հիմա գանք փակուղիներին։ Մի կողմից՝ Հայաստանը եթե համաձայնում է ռուսական՝ այսպես կոչված «Խովաեւի տարբերակին», այն է՝ ԼՂ կարգավիճակի առկախում (խաղաղապահների մանդատի երկարաձգում) + «միջանցք» + խաղաղության պայմանագիր, դրա դիմաց չունի երաշխիքներ եւ վստահություն, որ կպահպանվեն ՀՀ շահերը եւ անվտանգությունը։ Մյուս կողմից՝ կարելի է ենթադրել, որ ըստ «վաշինգտոնյան տարբերակի»՝ Հայաստանը ստանում է ադրբեջանական ագրեսիայի զսպման ու խաղաղության պայմանագրի երաշխիքներ, բայց մնում է մեն-մենակ Ռուսաստանի դեմ։
Եթե նույնիսկ ընդունում ենք, թե Ռուսաստանը թուլացել է այնքան, որ չի կարողանում զսպել Ադրբեջանին եւ տարածաշրջանում խաղաղության իր ֆորմատը երաշխավորել, պետք է գոնե հասկանալ, որ նույն Ռուսաստանն այնքան էլ թույլ չէ՝ այդ բոլոր համաձայնությունները տորպեդահարելու ու չեզոքացնելու համար։
Այսինքն՝ իր ծրագիրը չի լինի, բայց մյուսների տարբերակն էլ չի լինի։ Բացի դրանից՝ հարկ է ընդունել, որ ներկա ստատուս քվոյի պահպանումն էլ ամենեւին կենսական տարբերակ չէ, որովհետեւ Ադրբեջանը շարունակում է իր ռազմական ինտերվենցիան ՀՀ տարածքում, եւ ամեն հաջորդ էսկալացիայի հետեւանքով մենք ունենում ենք հարյուրավոր զոհեր, վիրավորներ եւ տասնյակ քառակուսի կիլոմետր տարածքի օկուպացիա։
Միակ հույսը, ուրեմն, Ալիեւի՝ տերպետրոսյանական տարբերակին հակվելն է. կարգավորման տարբերակի գնալ, քանի դեռ ուժեղ ես, զիջել եւ զսպել ես ախորժակդ, քանի դեռ կարող ես, եւ գնալ համապարփակ կարգավորման ճանապարհով։ Բայց կրկին՝ ի՞նչ է անելու Ռուսաստանը, արդյո՞ք կրավորական դիտորդի դեր է ստանձնելու, թե՞ շատ հանգիստ կարող է խափանել գործընթացը։
Հենց այդ պատճառով է Փաշինյանը հայտարարում, որ Սոչիում պատրաստ է խաղաղության համաձայնագրի սեւագրի՝ 15 կետանոց փաստաթուղթը ստորագրելու, բայց հարկավոր է Ռուսաստանի համաձայնությունը, այն է՝ երաշխիքներ, որ կզսպի Ադրբեջանին եւ գործընթացը կտանի ոչ ի հաշիվ ՀՀ շահերի ու տարածքների։
Բաց հարց է նաեւ, թե արդյոք ինքը՝ Ալիեւը, պատրաստ է գնալու վերջնական խաղաղության՝ դրանից բխող՝ իր իշխանության եւ Ադրբեջանի ներքին ու արտաքին մարտահրավերները աչքի առաջ ունենալով։ Միաժամանակ, Հայաստանն էլ է բազմաթիվ փակուղիներում, մենք ստիպված ենք ընտրել վատի, ավելի վատի ու վատագույնի միջեւ՝ առանց անվտանգության երաշխիքների ու երաշխավորների, հատկապես որ դրանք, ներկա պայմաններով պայմանավորված, անընդհատ փոփոխվող մեծություններ են։
Ստացվում է շախմատային ցուգցվանգ, երբ ցանկացած քայլ վատ է, երբ լավագույն քայլը քայլի բացակայությունն է՝ ամենօրյա ստատուս քվոյի պահպանումը եւ հույսը, որ ավելի լայն՝ Արեւմուտք-Ռուսաստան դիմակայությունն այս կամ այն կերպ կսառչի կամ կհանգուցալուծվի, եւ դրանից հետո հնարավոր կլինի տարածաշրջանում քիչ թե շատ ընդունելի ստատուս-քվո ձեւավորել։
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։