Ֆինլանդիայի Կենտրոնական քրեական ոստիկանությունը հայտարարել է, որ ռուսական ներխուժման դեմ պայքարելու համար Ուկրաինային տրամադրված զենք-զինամթերքը, մասնավորապես՝ հարձակողական հրացանները, հայտնվում են զենքի անօրինական շրջանառության «սեւ շուկայում», որտեղից էլ դրանք կարող են հասանելի դառնալ ֆիննական հանցավոր խմբավորումներին։
Ֆիննական հետախուզությունը հայտնել է, որ Ուկրաինային տրամադրված զենք-զինամթերք հայտնաբերվել է Շվեդիայում, Դանիայում եւ Նիդերլանդներում։
Ֆիննլանդիայի Կենտրոնական ոստիկանությունը մանրամասնել է, որ զենքի ընդհատակյա առեւտուրն իրականացվում է կազմակերպված հանցավորության հետ կապված միջազգային բայքերական ակումբների միջոցով։ Որպես օրինակ բերվում է «Bandidos MC» բայքերական ակումբը, որը համարվում է համաշխարհային մակարդակի խոշոր հանցավոր սինդիկատ, ունի մասնաճյուղեր Ուկրաինայի բոլոր խոշոր քաղաքներում։ Ընդ որում՝ անօրինական շրջանառվող զենք-զինամթերքը Ֆինլանդիա հասնում է ամենայն հավանականությամբ ծովային ճանապարհով, քանի որ նավահանգիստներում հսկողությունը ավելի թույլ է, քան օդանավակայաններում։
Մասնագետները Եվրոպայում զենքի անօրինական շրջանառության ներկա վիճակը համեմատում են նախորդ դարի 90-ականներին հարավսլավական պատերազմին հաջորդած ժամանակահատվածի հետ, երբ մաքսանենգ զենքը հայտնվել էր եվրոպական բազմաթիվ երկրներում։
ԵՄ ոստիկանական ծառայությունը՝ Եվրոպոլը, դեռ այս տարվա հուլիսին էր նախազգուշացրել, որ հանցախմբերը կարող են զբաղվել Ուկրաինայից ԵՄ անդամ երկրներ զգալի քանակի հրազենային զենքի անօրինական շրջանառության կազմակերպմամբ։ Եվրոպոլն ընդգծել էր, որ ԵՄ-Ուկրաինայի սահմանին ստեղծվել են բազմաթիվ գաղտնարաններ՝ նման անօրինական շրջանառությունն իրականացնելու համար։
Պատրաստեց Արման Գրիգորյանը