ՀՀ զինված ուժերի ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը ԱԺ-ում հայտարարել է, որ ադրբեջանական կողմը մինչ օրս չի թույլատրում, որ սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետեւանքով հայկական կողմի զոհվածների մարմինները դուրս բերեն։ Նա նշել է, որ դիերը դուրս բերելու համար համապատասխան աշխատանքներ են կատարել ՀՀ ԱԱԾ-ն, Կառավարությունը, ՊՆ-ն։ Մասնավորապես, Կուտականի ուղղությամբ հայկական կողմը ԱԹՍ-ով դիտարկել եւ պարզել է, որ հակառակորդի դիրքի մատույցներում մեկ դիակ կա։ Սակայն Ադրբեջանը դիերը դուրս բերելու թույլտվություն չի տալիս։
Ադրբեջանը բռնազավթել է Հայաստանի 130 քառ. կմ տարածք
«Եթե հաշվարկը կատարվում է հակառակորդի առաջնագծից մինչեւ մեր տարածքի խորքերը, որտեղ հակառակորդը հաջողության է հասել, ապա կազմում է 130 քառ. կմ եւ մի փոքր ավելի: Եթե հաշվում ենք մեր առաջնագծից խորությամբ, ապա այդ թիվը ավելի քիչ է կազմում»,- նշել է Ասրյանը:
ԳՇ պետը նշել է, որ նայած հաշվարկման մեթոդաբանության՝ բռնազավթած տարածքի չափերը կարող են փոխվել, սակայն Պաշտպանության նախարարության հաշվարկները ցույց են տալիս բռնազավթած տարածքի հենց այդպիսի չափերը։
Ջերմուկի կենտրոնից այժմ 5.5-6 կիլոմետր հեռավորության վրա են
Էդվարդ Ասրյանը շեշտել է, որ դիրքային փոխհրաձգություններից հետո ՀՀ տարածք մխրճված ստորաբաժանումները հետ են քաշվել։
«Հակառակորդի ստորաբաժանումները, կորուստներ տալով, հետ են գնացել։ Հակառակորդին գերեվարելու համար պետք էր նրան ընդհուպ մոտենալ, եւ մեր զինվորների կյանքին վտանգ չպատճառելով` դրան չենք գնացել։ Ներկա դրությամբ Ջերմուկում ունենք գծագրված առաջնագիծ, որն ապահովում է Ջերմուկի անվտանգությունը»,- նշել է ԳՇ պետը։
Ասրյանը շեշտել է, որ հակառակորդի ուժերը Ջերմուկի կենտրոնից այժմ 5.5-6 կիլոմետր հեռավորության վրա են։
Փորձում է կանխել ինժեներական աշխատանքները
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հայտնել է, որ հակառակորդը նպատակային կամ անկանոն կրակոցներով փորձում է կանխել հայկական կողմում այս պահին ընթացող մեծածավալ ինժեներական աշխատանքները։ Ասրյանն ընդգծել է, որ հրադադարի ռեժիմի խախտումները հակառակորդն անում է հիմնականում արեւելյան` Կուտականի, Կախակնի, Սոթքի, Ջերմուկի ուղղությամբ։