Սոչիում ավարտվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը։ Բանակցություններից հետո Պուտինը հայտարարեց, որ համատեղ հայտարարություն են համաձայնեցրել։
Կրեմլը հրապարակել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի` Սոչիում համաձայնեցրած հայտարարության տեքստը։
«Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Վ. Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Հ. Ալիեւը եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինը, 2022 թվականի հոկտեմբերի 31-ին հանդիպեցինք Սոչիում եւ քննարկեցինք 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը։
Վերահաստատեցինք նշյալ բոլոր պայմանավորվածություննեի խստորեն պահպանման հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության եւ կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։ Համաձայնեցինք լրացուցիչ ջանքեր գործադրել մնացյալ, այդ թվում` հումանիտար խնդիրների հրատապ լուծման ուղղությամբ:
Նշելով ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրումն իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում՝ ընդգծեցինք տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված նրա ջանքերի պահանջվածությունը։
Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել եւ լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության եւ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի։
Ընդգծեցինք Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարեւորությունը՝ տարածաշրջանում կայուն եւ երկարաժամկետ խաղաղության հասնելու նպատակով։ Առկա աշխատանքային տարբերակների հիման վրա պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխընդունելի լուծումների որոնումը։ Ռուսաստանի Դաշնությունը հնարավոր օժանդակություն կցուցաբերի դրան:
Շեշտեցինք Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ դրական մթնոլորտի ձեւավորման կարեւորությունը՝ Ռուսաստանի օժանդակությամբ հասարակությունների ներկայացուցիչների, փորձագիտական համայնքների եւ կրոնական առաջնորդների միջեւ երկխոսության շարունակման, ինչպես նաեւ երկու երկրների ժողովուրդների միջեւ վստահության ամրապնդմանը միտված եռակողմ միջխորհրդարանական շփումների մեկնարկի համար։
Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության ղեկավարները ողջունել են Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը` հետայսու եւս ամեն կերպ նպաստելու Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ հարաբերությունների կարգավորմանը, Հարավային Կովկասում կայունության եւ բարգավաճման ապահովմանը»,– ասված է Սոչիում ընդունված հայտարարությունում։