ՌԴ նախագահը Սոչիում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած եռակողմ հանդիպումն օգտակար է գնահատել՝ նշելով, որ այն շատ լավ մթնոլորտ է ստեղծել որոշ սկզբունքային հարցերի շուրջ ապագա հնարավոր պայմանավորվածությունների համար։ Պուտինը խոստովանել է, որ իրենք համատեղ հայտարարություն են համաձայնեցրել, բայց ամեն ինչ չի հաջողվել համաձայնեցնել։ Մասնագետների մակարդակով մշակված նախնական տեքստից որոշ դրույթներ հանվել են:
Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինի հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունն արդեն պատմություն է, այն լուծվել է երկու տարի առաջ, ուստի այս համատեքստում գործնականում քննարկելու բան չկա։
«Այդուհանդերձ, այս հանդիպումը հնարավորություններ է ստեղծում առհասարակ իրավիճակի կարգավորման հետագա քայլերի համար։ Ասելով առհասարակ` նկատի ունեմ ե՛ւ վերջին իրադարձությունները, որոնք տեղի ունեցան, ե՛ւ նաեւ 2 տարի առաջվանը, երբ մեզ, այնուամենայնիվ, հաջողվեց որոշ հարցերի շուրջ պայմանավորվել»,– նշել է ՌԴ նախագահը։
Ըստ Պուտինի՝ այսօրվա քննարկումը ցույց տվեց, որ կարող են բոլոր երկրների ապագայի վերաբերյալ պայմանավորվածության հասնել։
«Երբ ես ասում եմ` բոլոր երկրներ, նկատի ունեմ ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ տարածաշրջանի բոլոր երկրները, քանի որ հարաբերությունների կարգավորման հարցում հետաքրքրված են բոլոր երկրները, որոնք ապրում են այս տարածաշրջանում»,– նշել է Պուտինը։ Նա վստահեցրել է, որ Ռուսաստանն իր կողմից կանի ամեն ինչ, որպեսզի հասնեն վերջնական եւ ամբողջական կարգավորման։
«Ինչպես պայմանավորվեցինք, կապի մեջ կլինենք, կշարունակենք այս երկխոսությունը եւ կշարունակենք փնտրել այն լուծումները, որոնք անհրաժեշտ են այսքան երկար տեւող հակամարտությանը վերջ դնելու համար»,– ընդգծել է ՌԴ նախագահը։