Քառասունչորսօրյա պատերազմի ավարտից հետո Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարներն ընդունել են եռակողմ համատեղ չորս հայտարարություն՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021-ի հունվարի 11-ին եւ նոյեմբերի 26-ին, ինչպես նաեւ երեկ՝ 2022 թվականի հոկտեմբերի 31-ին:
Այս չորս հայտարարությունների միջակայքում Ադրբեջանը զավթել է Հայաստանի ինքնիշխան տարածքից շուրջ 130 քառակուսի կիլոմետր, դիրքավորվել եւ ամրապնդվել է Հայաստանի տարածքի շուրջ 100 կետերում, տարածքներ է գրավել Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում:
Այս չորս հայտարարությունների միջակայքում Ադրբեջանը հրահրել է մի քանի ռազմական գործողություններ, որոնց ընթացքում հայկական կողմը տվել է ավելի քան 250 զոհ, հարյուրավոր վիրավորներ, հարյուրից ավելի հայ զինծառայողներ գերեվարվել են, իսկ նրանց մի մասը շարունակում է մնալ Բաքվի բանտերում:
Այս չորս հայտարարություններում որեւէ կերպ չեն դատապարտվել Ադրբեջանի ներխուժումները Հայաստանի ինքնիշխան տարածք եւ Լեռնային Ղարաբաղ՝ ռուս խաղաղապահների տեղակայման եւ պատասխանատվության գոտի:
Հետեւաբար չկա որեւէ երաշխիք, որ երեկվա Սոչիի հայտարարությունից հետո Ադրբեջանը նոր ռազմական գործողությունների չի դիմելու եւ ներխուժումներ չի անելու: Քանի դեռ Հայաստանը չի կարողացել վերականգնել ռազմական հավասարակշռությունը, Ադրբեջանը շարունակելու է ագրեսիայի եւ զավթողական փորձերը: Գրաված դիրքերում Ադրբեջանն իրականացնում է ամրաշինական աշխատանքներ, եւ չկա որեւէ միտում, որ հեռանալու է գրաված դիրքերից եւ տարածքներից:
Երեկվա՝ հոկտեմբերի 31-ի Սոչիի եռակողմ հայտարարության տեքստում ասվում է, որ կողմերը պայմանավորվել են «զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել եւ լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության եւ 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի»։
Այսպիսով՝ Հայաստանը կրկին ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, փաստացի՝ 86,6 հազար քառակուսի կիլոմետր տարածքով, եւ Լեռնային Ղարաբաղին որեւէ հղում չի արվում: Թեեւ նախօրեին Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբում խոսել էր ղարաբաղյան հակամարտության առանձնահատկությունների եւ դրանք հաշվի առնելու անհրաժեշտության մասին, Ադրբեջանի նախագահը Ռուսաստանի առաջնորդի հետ երկկողմ հանդիպման ընթացքում պնդեց, որ Ղարաբաղի հարց ուղղակի գոյություն չունի, եւ այն լուծվել է 44-օրյա պատերազմով:
«Ղարաբաղյան խնդիրը պատմություն է, այն լուծվել է երկու տարի առաջ։ Այս համատեքստում գործնականում քննարկելու բան չկա»,- Պուտինին ասել է Ալիեւը:
Պուտինը Փաշինյանի եւ Ալիեւի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է կողմերին տրամադրելու ամենաճշգրիտ քարտեզները, որպեսզի կողմերը կարողանան կարգավորել Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հարցը:
2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից ի վեր՝ երկու տարվա ընթացքում, Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի լռության պայմաններում Ադրբեջանն իրականացրել է հետեւյալ զավթողական գործողությունները.
ա) 2020 թվականի դեկտեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում գերեվարվել են շուրջ յոթ տասնյակ հայ կամավորներ, Հադրութի շրջանն ամբողջությամբ անցել է Ադրբեջանի հսկողության տակ. այս գործողությունը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների ներկայությամբ եւ թողտվությամբ,
բ) 2021-ի մայիսի կեսերին Ադրբեջանը գրավել է տարածքներ Հայաստանի Սեւ լճի հատվածում՝ Իշխանասարում, Վարդենիսի եւ Ջերմուկի շրջաններում,
գ) Արցախի Փառուխ-Քարագլուխ հատվածում, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահներ, Ադրբեջանը 2022-ի մարտի վերջերին առաջ է եկել եւ գրավել նպաստավոր դիրքեր,
դ) սանձազերծել է 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի արյունալի բախումները՝ նոր տարածքներ գրավելով Վարդենիսի, Ջերմուկի, Գորիսի եւ Կապանի շրջաններում: Մասնավորապես, ադրբեջանական առաջնային ռազմական հենակետերը արդեն Հայաստան-Իրան միջպետական ճանապարհից 4,5 կիլոմետր (Ներքին Հանդ-Ծավ հատված) հեռավորության վրա են:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։