ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Փաշինյանի եւ Ալիեւի հետ եռակողմ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագիր դեռ չկա, բայց նախադրյալները ցույց են տալիս, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ կարգավորման ուղի է գտնվել։ ՌԴ նախագահը շեշտել է, որ Փաշինյանի եւ Ալիեւի հետ պայմանավորվել են բանակցությունները շարունակել։
«Դեռ վաղ է խոսել այդ փաստաթղթի հիմնական բաղադրիչների մասին, քանի որ, այնուամենայնիվ, դա փոխզիջումների առարկա է, որոնք, անշուշտ, պետք է ձեռք բերեն երկու կողմերը` միջնորդությամբ, եթե երկու պայմանավորվող կողմերը ցանկանան, այդ թվում` նաեւ մեր երկիրը»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը նշել է, որ չհամաձայնեցված հարցերի շուրջ չարժե խոսել։ «Որովհետեւ եթե դրանք մինչեւ հիմա կարգավորված չեն, ապա, իմ կարծիքով, չպետք է դրանց վրա հրավիրել մամուլի, հանրության ուշադրությունը։ Պետք է պարզապես հանգիստ, փակ ռեժիմով հասնել համաձայնության։ Սրանք շատ նուրբ բաներ են, որոնք զգայուն են երկու կողմերի համար: Եվ ես ինձ իրավունք չեմ վերապահում դրանք առանձնացնելու` առանց գործընկերների հետ համաձայնեցնելու»,- ասել է ՌԴ նախագահը։
Խորհրդային Միության գլխավոր շտաբի քարտեզներն ամենաճշգրիտն են
Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանագծմանն ու սահմանազատմանը` Պուտինն ասել է, որ դա կարեւորագույն հարց է: ՌԴ նախագահը նշել է, որ Մոսկվան պատրաստ է տրամադրելու Խորհրդային Միության գլխավոր շտաբի քարտեզները:
Պուտինը վստահեցրել է, որ դրանք ամենաճշգրիտ քարտեզներն են, եւ Ռուսաստանը պատրաստ է դրա հիման վրա առաջ շարժվելու` քննարկելով կողմերի հետ։
Երկարաձգելու համար համատեղ պայմանավորվածություններ են պետք
Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղակայված ռուս խաղաղապահների զորախմբի մանդատը երկարաձգելու թեմային` ՌԴ նախագահն ասել է, որ դրա համար անհրաժեշտ է համատեղ պայմանավորվածություն, դա կախված կլինի այլ հարցերից, խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրումից, սահմանազատումից ու սահմանագծումից։
«Եթե այդ հարցերը լուծվեն, խաղաղապահների հարցը այլ կերպ կդրվի, եթե չլուծվեն կամ որոշ չափով լուծվեն, դրանից կախված է մեր խաղաղապահ զորախմբի ճակատագիրը»,- շեշտել է Պուտինը՝ հավելելով, որ կողմերն ամեն դեպքում Ռուսաստանին շնորհակալություն են հայտնել իրականացվող աշխատանքի համար: