Ըստ Anadolu գործակալության՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույցներ է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռեզնիկովի եւ ենթակառուցվածքների նախարար Կուբրակովի հետ։
Հեռախոսազրույցների ընթացքում կողմերն անդրադարձել են հացահատիկի միջանցքի անխափան գործունեության հարցին։ Աքարը նշել է, որ մինչ օրս շուրջ 10 միլիոն տոննա հացահատիկի փոխադրումը մեծապես նպաստել է պարենի համաշխարհային ճգնաժամի հաղթահարմանն ու կարեւորել համագործակցության եւ երկխոսության միջոցով պարենային գործարքի շարունակականության ապահովումը։
Նախարարը հեռախոսազրույցում նշել է նաեւ, որ սեւծովյան միջանցքը հացահատիկի բեռնափոխադրումների համար շատ ավելի ձեռնտու է, քան ցամաքային ճանապարհը․ «Հացահատիկի փոխադրումը լիովին հումանիտար նպատակներ ունեցող նախաձեռնություն է, եւ այն պետք է հեռու պահել հակամարտության թելադրած պայմաններից։ Թուրքիան նախագահ Էրդողանի գլխավորությամբ իր ուժերի ներածին չափով ամեն ինչ արել է ու այսուհետ եւս շարունակելու է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության հաստատման եւ հումանիտար օգնության իրականացման հարցում»,- հավելել է Հուլուսի Աքարը։