Վրաստանի խորհրդարանը նախօրեին սկսել է դեօլիգարխացման մասին օրենքի նախագծի քննարկումը։ «Դեօլիգարխացում» եզրույթը հասկացվում է որպես երկրի տնտեսական, քաղաքական, հանրային կյանքի հանդեպ անձնական շահերի չափազանցված ազդեցության հաղթահարում։ «Դեօլիգարխացիան» մեկն է այն տասներկու նախապայմաններից, որոնք Վրաստանը պետք է իրականացնի ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Նախապայմաններ են նաեւ բեւեռացման նվազեցումը, դատական բարեփոխումների իրականացումը եւ այլն։
Օրենսդրական նախաձեռնությունը պատկանում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը։ Քննարկումները մեկնարկել են հոկտեմբերի 31-ին՝ Վրաստանի խորհրդարանի Իրավաբանական կոմիտեում։ Իշխող քաղաքական ուժը հավաստիացնում է, որ այս օրենքի նախագիծը մշակվել է ուկրաինական օրենքի հետեւողությամբ։
Օրենքի նախագծի հեղինակներն առաջարկում են օլիգարխ ճանաչել այն անձին, ով մասնակցում է երկրի քաղաքական կյանքին, զգալի ազդեցություն ունի զանգվածային լրատվամիջոցների վրա, վերջնական սեփականատերն է իրավաբանական անձի, որը տիրապետող դիրք ունի շուկայում եւ այդ դիրքը պահպանում կամ բարելավում է վերջին մեկ տարվա ընթացքում, ունի այնպիսի ակտիվներ, որոնք հունվարի 1-ի դրությամբ 1 միլիոն անգամ գերազանցում են կենսապահովման նվազագույն միջոցների սահմանաչափը, որը պետությունը հաստատել է աշխատունակ քաղաքացիների համար։
Օրենքի նախագիծը նաեւ նախատեսում է բոլոր օլիգարխների նկատմամբ կիրառել հատուկ պատժամիջոցներ՝ արգելելով նրանց սեփական միջոցներից նվիրատվություն կատարել որեւէ բարեգործության համար, ապրանքներ, գումար կամ ծառայություններ տրամադրել քաղաքական կուսակցություններին, մասնակցել խոշոր օբյեկտների մասնավորեցմանը, ֆինանսավորել քաղաքական արշավները, քաղաքական պահանջներ ունեցող հավաքներն ու ցույցերը։ «Դեօլիգարխացման մասին» օրենքն իր ուժը կկորցնի գործողության մեջ մտնելուց 10 տարի անց։
Ուշագրավ է այն, որ վրացական իշխող կուսակցությունում հավաստիացրել են, որ օրենքը եթե ընդունվի, որեւէ կերպ չի անդրադառնա Բիձինա Իվանիշվիլու վրա, սակայն ռեեստրում կարող են ընդգրկվել «Լելո» կուսակցության հիմնադիրներ՝ նախկին բանկիրներ Բադրի Ջափարիձեն, Մամուկա Խազարաձեն, նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, նախկին պաշտպանության նախարար Դավիթ Կեզերաշվիլին։
Ընդդիմությունը այս նախաձեռնությանը չի աջակցում՝ հայտարարելով, որ այն չի արտացոլում վրացական իրողությունները։
Պատրաստեց Արման Գրիգորյանը